Փաշինյանի «խաղաղության օրակարգն» ունի՞ լեգիտիմություն

Փաշինյանի «խաղաղության օրակարգն» ունի՞ լեգիտիմություն

Նիկոլ Փաշինյանի շոկային ելույթին հաջորդած քննարկումների ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ամենաանկեղծն էր, երբ ակնարկեց արտահերթ ընտրությունների հնարավորության մասին` առաջացնելով իր թիմակիցների վրդովմունքը:


Դատելով Փաշինյանի ելույթից` նա պատրաստվում է ԼՂ խնդրում կամ հայ- ադրբեջանական հարաբերություններում շրջադարձային քայլ կատարել։


Հիմա չքննարկենք` Փաշինյանի կամ նրա ընդդիմախոսների փաստարկների բովանդակությունը, կենտրոնանանք այն հարցի վրա, թե քաղաքական հարթության վրա ունի՞ Փաշինյանն անհրաժեշտ լեգիտիմություն` նման շրջադարձային որոշումներ կայացնելու համար։


Կարծում ենք՝ ոչ ու դրա համար կան մի քանի հիմնավոր պատճառներ։


2021թ-ի արտահերթ ընտրությունները Փաշինյանին ու նրա թիմին ռացիոնալ մանդատ չեն տվել։ Դրանք եղել են, այսպես ասած, «նախկիններին» մերժելու մասին ընտրություններ, ինչի հիմքով էլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվել է։


2021թ-ի ընտրությունների ժամանակ էլ պարզ ու ակնհայտ էր, որ Արցախի սուբեկտությանը սպառնում են բազմաթիվ մարտահրավերներ։ Դա բոլորից լավ գիտեր Փաշինյանը, բայց ՔՊ նախընտրական ծրագրով հասարակությանը խոստացել է․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով, որն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»։


Կարևոր չէ` Փաշինյանը հասարակությանը խաբե՞լ է, թե՞ չի գիտակցել 44-օրյա պատերազմի հետևանքները։ Ամեն դեպքում` դա նրան չի ազատում քաղաքական պատասխանատվությունից։


Փաստորեն` Փաշինյանը հասարակությունից այլ մանդատ է ստացել, հիմա մտադիր է այլ բովանդակությամբ լուծել ԼՂ խնդիրը կամ կարգավորել հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Նման պարագայում` Փաշինյանը կամ պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնի` նոր ծրագրի շուրջ հանրային վստահության մանդատ ստանալու համար, կամ էլ` խաղաղության օրակարգի շուրջ քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիա կարողանա ապահովել։


Երկրորդ խնդիրը Փաշինյանը լուծել չի կարող, քանի որ իշխանությունը պահում է հասարակության տարբեր խմբերի բարիկադավորելու ու «սևերի ու սպիտակների» հակադրության քաղաքական փաստարկմամբ։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։


Իհարկե, Փաշինյանը չի գնա քաղաքական նաև այս լուծմանը, ինչն ունենալու է երկու հետևանք` Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային ռիսկերն ահագնանալու են ու երկրի ներսում մեծանալու է ներքաղաքական լարվածությունը։

 

Վահրամ Բագրատյան