Իրանի դեսպանը կեցավայր կունենա Ծարավ աղբյուրում

Իրանի դեսպանը կեցավայր կունենա Ծարավ աղբյուրում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նոր կեցավայրը կլինի Ավանում։ Հարցն այսօր  Կառավարության նիստի օրակարգում է։ 

Ըստ նախագծի՝ որոշվում է թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան, Ծարավ աղբյուրի փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը։

Այն բաղկացած է 0.13918 հեկտար հողամասից (կադաստրային ծածկագիրը՝ 01-002-0227-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, վկայական N 22042022-01-0033, գաղտնաբառ՝ UIHQQQFHAWNA)՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ 

Ըստ նախագծի՝ ուժը կորցրած պետք է ճանաչվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարութան 2016 թվականի մայիսի 19-ի «Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» N 511-Ա որոշումը։

Նշենք, որ ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունն ունի դարերի պատմություն։ Այդ բարեկամության և երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար նոր հնարավորություններ և նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի անկախացումից հետո։ Տարիների ընթացքում կնքվում են տասնյակ պայմանագրեր, որոնք կարգավորում և ուղենշում են քաղաքական և տնտեսական երկկողմ համագործակցությունը՝ տարբեր հարթություններում։ 

Հայտագրում նշվել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպանի կեցավայր և ըստ հիմնավորման՝ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն՝ նտավայր պետությունը պետք է աջակցի հավատարմագրող պետությանը, իր օրենքների համաձայն, իր տարածքում ձեռք բերելու ներկայացուցչության գործունեության համար անհրաժեշտ շենքեր կամ պետք է հավատարմագրող պետությանը օգնություն ցույց տա որևէ այլ ճանապարհով շենքեր ստանալու: Նա անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներկայացուցչություններին օգնություն ցուցաբերի հարմար շինություններ ձեռք բերելու իրենց աշխատակիցների համար: