Շրի Լանկան երկրորդ օրն է քաղաքական վակուումի մեջ է

Շրի Լանկան երկրորդ օրն է քաղաքական վակուումի մեջ է, քանի որ ընդդիմության առաջնորդները դեռեւս չեն պայմանավորվել, թե ով պետք է փոխարինի տապալված առաջնորդներին, որոնց նստավայրերը զբաղեցնում են երկրի տնտեսական խնդիրներից զայրացած ցուցարարները, հայտնում է AP-ն։
Ցուցարարները մնացելեն նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրում եւ վարչապետի պաշտոնական տանը, ուր նրանք ներխուժել են շաբաթ օրը՝ պահանջելով երկու առաջնորդների հրաժարականը։ Դա բողոքի ամենադրամատիկ օրն էր շարունակական ճգնաժամի երեք ամսվա ընթացքում, որը շատերին հասցրել է հուսահատության եզրին՝ վառելիքի, սննդի, դեղամիջոցների եւ այլ անհրաժեշտ պարագաների սուր պակասի պատճառով:
Հասարակության բոլոր խավերից ցուցարարները խոստացել են մնալ տեղում այնքան ժամանակ, քանի դեռ ղեկավարների հրաժարականը պաշտոնական չի դարձել։ Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ռաջապակսան ասել է, որ չորեքշաբթի օրը հրաժարական կտա։
Երկուշաբթի օրը տեսաուղերձում, որն առաջինն էր շաբաթ օրվա բողոքի ցույցերից հետո, վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն կրկնել է, որ կմնա մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, քանի որ ցանկանում է աշխատել սահմանադրության շրջանակներում:
«Կառավարությունը պետք է գործի օրենքի համաձայն։ Ես այստեղ եմ սահմանադրությունը պաշտպանելու եւ դրա միջոցով ժողովրդի պահանջները կատարելու համար։ Այսօր մեզ անհրաժեշտ է բոլոր կուսակցություններից կազմված կառավարություն, եւ մենք քայլեր կձեռնարկենք այն ստեղծելու համար»,- ասել է Վիկրեմեսինգեն:
Նա նաեւ բացատրել է իրադարձությունների հաջորդականությունը, որոնք հանգեցրել են շաբաթ օրն իր առանձնատան հրկիզմանը։ Նա ասել է, որ զայրացած ցուցարարները հավաքվել են իր տան շուրջը այն բանից հետո, երբ պատգամավորը Twitter-ում, որը Վիկրեմեսինգեն ոչ ստույգ է անվանել, ասել է, թե ինքը հրաժարվել է հրաժարական տալ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հանդիպման ժամանակ:
Վիկրեմեսինգեն ասել է, որ ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ տնտեսությունը փրկելու համար, եւ առնվազն մեկ տարի կպահանջվի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ քայլերն ավարտելու համար:
Նաեւ երկուշաբթի նախարարների կաբինետի ինը անդամներից բաղկացած խումբը հայտարարել է, որ անհապաղ կհեռանա պաշտոնից, որպեսզի ճանապարհ բացի համակուսակցական կառավարության համար, ասել է արդարադատության հեռացող նախարար Վիջայադասա Ռաջապակշեն: Մինչդեռ Վիկրեմեսինգեի գրասենյակից հայտնել են, որ մեկ այլ խումբ, որը հանդիպել է վարչապետի հետ, որոշել է մնալ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Նախագահին շաբաթ օրվանից չեն տեսել ու չեն լսել, իսկ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: