Եթե ուզում են հայտնվեն մյուս ԱԺ-ում, ապա պետք է սպասարկեն ՀՀ շահը. Պապոյանը՝ ընդդիմությանը

Եթե ուզում են հայտնվեն մյուս ԱԺ-ում, ապա պետք է սպասարկեն ՀՀ շահը. Պապոյանը՝ ընդդիմությանը

ՀՀ խորհրդարանական տարին թեժ էր։ Իշխանությունն ու ընդդիմությունը ընդհանուր լեզու չեն գտնում, հակադարձում են իրար ու ամեն առիթ օգտագործում միմյանց սևերի ու սպիտակների բաժանելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ խնդիրն այն է, որ ՔՊ-ի և ընդդիմության նպատակները նույնը չեն, ըստ նրա՝ ՔՊ-ի առաքելությունն ու նպատակը ՀՀ անկախության պահպանումն է, որը, Պապոյանի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը չի կիսում։

«Նույնիսկ եղան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ասացին՝ եթե չկա Ղարաբաղը, չկա նաև Հայաստան, ասում էին՝ եթե Ղարաբաղը պետք է այլ երկրի կազմում լինի, ապա թող Հայաստանն էլ այլ երկրի կազմում լինի։ Այդ կոնտեքստում՝ չեմ կարծում, որ այդ մարդկանց հետ մենք համախոհություն ունենք։ Մեր ֆունդամենտալ հարցը ՀՀ անկախությունը պետք է լինի, իսկ ես կասկածում եմ, որ մեր կարծիքը կիսում է ընդդիմությունը»։ 

Պապոյանը վստահեցնում է՝ Արցախն իշխանությունը չի հանձնել։ «Հանձնել են այն մարդիկ, որոնք ոգևորված թռչկոտում էին ՀՀ ԱԺ-ում ու նույնիսկ ուրախանում էին, որ ԼՂ ԱԺ-ում պալատական հեղաշրջում է տեղի ունենում ու երբ մենք ասում էինք՝ այդ հեղաշրջումն անթույլատրելի է՝ մեզ դավաճան էին ասում։ Գլխավորը ՀՀ-ն է, եթե պետք է անենք մի բան, որը կվնասի ՀՀ-ին, ապա պետք է չանենք։ Մեր երկրի խնդիրների պատճառն այն է, որ մեզ համար առաջնահերթություն է եղել ԼՂ-ն և ոչ թե Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի գլխավորը, մինչև հիմա Հայաստանի շահը ստորադասվել է ԼՂ-ի շահին, բայց պետք է հակառակը լինի՝ ամեն ինչ պետք է ստորադասվի ՀՀ-ի շահին։

Մենք ստացանք մի իրավիճակ, որ քիչ էր մնում կորցնեինք երկու հայկական պետությունները, մի կերպ դուրս եկանք այդ իրավիճակից»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությանը հետաքրքիր չէ հայկական շահը, իշխանությունը մտահոգված չէ հայրենիքի բարրօրությամբ և անվտանգությամբ, Պապոյանը հակադարձեց՝ ասելով, որ իշխանությունն է, որ պաշտպանում է Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը։

 «Ընդդիմությունը դատարկաբանություն է խոսում, իսկ իշխանությունը երկրի տնտեսությունն է զարգացնում, բանակն է հզորացնում, ամրապնդում է անկախությունը, մի բան, որը նախորդ 30 տարում դրվել է այլ երկրների ոտքերի տակ։ Լավրովն էլ ասում էր՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը ՀՀ-ի համար հանգեցնում է ինքնիշխանության կորստի, խնդիրն այն էր, որ այս կարծիքը մեր խորհրդարանում կիսում են, ասեմ ավելին՝ խորհրդարանում կան մարդիկ, որոնք հենց Լավրովից հանձնարարություններ են ստանում, էդ մարդկանց էլ ի՞նչ ասես»։ 

Պապոյանի խոսքով՝ 2023 թվականի խորհրդարանն ավելի զուսպ էր վեճերի ու միջադեպերի առումով, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը գիտակցեց, որ հայհոյանքին ի պատասխան հայհոյանք է ստանալու, իսկ բռունցքներին էլ բռնուցքով է պատասխան ստանալու։ «Իրենք սկզբում ուզում էին՝ այդպես առաջ շարժվել, բայց մնացել են կոտրած տաշտակի առաջ, քանի որ մտքին, խոսքին հակադարձելու ոչ ասելիք ունեն, ոչ էլ գաղափար»։ 

Իսկ 2024 թվականին, հավաստիացրեց նա, իշխանությունը շարունակելու է իր քաղաքականությունը, որով ապահովում էր տնտեսական զարգացումը։

«Նույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ։ Ժողովրդին կխնդրեմ շարունակել կանգնել այնպես, ինչպես կանգնել են 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին, 2023 թվականին։ Անկախության ճանապարհը հեշտ չէ, 30 տարի մեր երկրի ամբողջ տնտեսական քաղաքական միտքը դրվել է այլ պետության ոտքերի տակ և, բնականաբար, պետք է չհանձնվենք։ Իսկ ընդդիմությանը կոչ չունեմ, ուղղակի կասեմ, որ եթե ուզում են հաջորդ խորհրդարանական ընտրություններում հայտնվեն խորհրդարանում, ապա պետք է սպասարկեն ՀՀ շահը, ոչ թե այլ երկրինը, հակառակ դեպքում դուրս կշպրտվեն հայկական քաղաքական դաշտից, ինչպես մնացածն են դուրս շպրտվել։ Հուսով եմ՝ 2024 թվականին խաղաղությունը կտեսնենք, շատ մոտ ենք»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Լիաննա Թորոսյան