ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են, իսկ ՔՊ-ականները՝ հարստանում

ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են, իսկ ՔՊ-ականները՝ հարստանում

Այն, որ իշխանափոխության պահանջով «փրկիչների» փողոցային շարժումը դատապարտված էր տապալման, ի սկզբանե պարզ էր։ Որովհետև անհնար է կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց ստիպել, որ դուրս գան փողոց։ Այդ մասին ՖԲ-ում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

2018թ.-ին Տարոն Չախոյանի քաղաքական թիմը կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց հանեց փողոց, իսկ 2020թ.-ին Արցախը տարավ կործանման՝ հազարավոր զոհեր, կորսված Շուշի, Հադրութ, տնտեսական աղետ ու արտագաղթ:

Ընդդիմության պայքարի հիմքում գործող իշխանությունների ստերի բացահայտումն է՝ տնտեսական աճի փոխարեն՝ գնաճ և գործազրկություն, ներգաղթի փոխարեն՝ ռեկորդներ սահմանող արտագաղթ, հզոր Արցախի փոխարեն՝ հայաթափված Արցախ, մարտունակ բանակի փոխարեն՝ սահմաններում վրանների մեջ քնող զինվորներ:

Տարոն Չախոյանը ՀՀ քաղաքացիների պայքարը հանուն Արցախի փրկության և Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության պիտակավորում է որպես կեղծ օրակարգ: Իսկ ինչ օրակարգ ունեն Փաշինյանն ու ՔՊ-ականները՝ այն, ինչ ամրագրված է կառավարության ծրագրում, հեքիաթ է, կենացների բառակույտ, որը երբեք իրականություն չի դառնալու: ՀՀ քաղաքացիներն ամեն օր հազարներով արտագաղթում են նիկոլական Հայաստանից: Քաղաքացիները տեսնում են հարստացող ՔՊ-ականներ և աղքատացող ժողովուրդ՝ թանկարժեք մեքենաներով և թիկնապահներով երթևեկող ՔՊ-ի վերնախավ և ՀՀ հպարտ, բայց խաբված քաղաքացիների դատարկ սառնարաններ:

ՔՊ-ն ու նրա ղեկավարը պատասխան են տալու դատարկված Արցախի, հայաթափվող Հայաստանի և Հարավային Կովկասում թուրքական դիրքերի ամրապնդման համար:

Վահրամ Բագրատյան