«Ձեռքով են մխելու, անձեռ են մխելու, իրենց պրոբլեմն է»․ Սեյրան Օհանյան

«Ձեռքով են մխելու, անձեռ են մխելու, իրենց պրոբլեմն է»․ Սեյրան Օհանյան

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շուտով միջնորդություն է ներկայացնելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ 

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Օհանյանի հետ, որը, նախ, անկեղծացավ, որ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է հարցաքննվել։ 

«Որևէ նման տեղեկություն չունեմ, անկեղծ ասած չեմ հիշում, թե վերջին անգամ որ հարցով ու ինչպես եմ հարցաքննվել։ Եվ չգիտեմ, վերջին ժամանակահատվածում անընդհատ մամուլը գրում է, որ զրկելու են ինձ անձեռնմխելիությունից, բայց անկեղծ, որևէ տեղեկություն չունեմ»,- նշեց Օհանյանը։ 

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատեց, որ ինքն այնպես էլ չէ, որ այդ անձեռնմխելիությունից օգտվում է, հակառակը, պատգամավոր լինելով անգամ, իր մուտքը արտասահման փակ է, և ինքը նույնիսկ չի կարողանում մեր պետությունը ներկայացնել տարբեր միջխորհրդարանական միջոցառումներում։ 

Հիշեցնենք, որ Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Խոսքը 1 մլրդ 46 մլն գումարի մասին է։ 

«Ես իմ անցած ուղով ցույց եմ տվել, որ ինձ համար կարևոր չէ դա։ Հիմա գրում են, ես չգիտեմ՝ ձեռքով են մխելու, անձեռ են մխելու, չգիտեմ, իրենց պրոբլեմն է»,- նշեց Օհանյանը։ 

Ըստ պատգամավորի՝ այս ամենը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, քանի որ ինքն առանց թաքցնելու ներկայացնում է այս իշխանության բացթողումներն ու թերացումները։ 

Նշենք, որ ԱԺ-ից մեզ տեղեկացրին, որ Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնոդրություն դատախազությունը չի ներկայացրել խորհրդարան։ 

Նարե Գնունի