Որոնք են ստամոքսի քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոններն ու առաջին ախտանշանները

Որոնք են ստամոքսի քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոններն ու առաջին ախտանշանները

Ստամոքսի քաղցկեղը դասվում է այս հիվանդության ամենատարածված տեսակների շարքին, սակայն դրա ախտանշաններին մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում: Բժիշկների խոսքով՝ ստամոքսի քաղցկեղի զարգացումն ավելի շատ պայմանավորված է արտաքին գործոններով, քան ժառանգական նախատրամադրվածությամբ: Այս դեպքում հիվանդության զարգացման հավանականությունն առավել բարձր է ալկոհոլի և ծխախոտի չարաշահման դեպքում: Բացի այդ, մասնագետները հաճախ են նշում նաև սննդակարգի և ուռուցքի զարգացման միջև կապը՝ ընդգծելով, որ քաղցկեղի զարգացմանը կարող է նպաստել սննդակարգում բավարար քանակությամբ բանջարեղենի ու մրգերի պակասը և պահածոյացված ու աղով հարուստ մթերքի առկայությունը:

Զարգացման վաղ փուլերում ստամոքսի քաղցկեղը կարող է որևէ ակնհայտ ախտանշան չունենալ: Հիվանդության առաջին ախտանշանները կարող են առհասարակ նման լինել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների ախտանշաններին: Մասնագետներն ընդգծում են, որ նման դեպքերում չի կարելի անտեսել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են ախորժակի վատացումը, սրտխառնոցը, ստամոքսի այրոցը, արտաթորանքի հետ կապված խնդիրներն ու քաշի կտրուկ կորուստ:

Նշված ախտանշանները բնորոշ են քաղցկեղի վաղ փուլերին, ուստի դրանք չանտեսելը թույլ կտա խուսափել հիվանդության հետագա զարգացումից: Ավելի խորացված փուլերում ի հայտ են գալիս այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են փսխումը, որովայնի ցավերն ու արյունոտ արտաթորանքը: Այս դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել, ուստի հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: