Ի՞նչ շարունակություն կունենա Կաթողիկոսի նախաձեռնությունը

Մայր Աթոռից հայտարարել են, որ Գարեգին երկրորդը առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։ Նոր հանդիպման ժամկետ տակավին չի հայտարարվում:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջին անգամ հանդիպել են մոտ երկու շաբաթ առաջ՝ Մայր Աթոռում։ Ժամեր տևած հանդիպման ավարտին տարածվել էր տեղեկատվական բնույթի մի հաղորդագրություն՝ առանց կոնկրետ համաձայնությունների մասին հիշատակման:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպման մասնակիցները տարբեր մոտեցումներ են ունեցել ճգնաժամի հաղթահարման հարցում:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորում է իշխանություն- ընդդիմություն երկխոսությունը ու քաղաքական կոնսոլիդացիայի ձևավորումը Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի շուրջ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարևոր է համարում քաղաքական կոնսոլիդացիան՝ առնվազն մասնակի իշխանափոխություն իրականացնելու կամ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանն՝ իր պոպուլիստական ոճով, ըստ էության չարձագանքեց ո՛չ Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Քոչարյանի առաջարկություններին, փոխարենը՝ բանակցային գործընթացի մանրամասների վերաբերյալ «սլիվներ» կազմակերպեց իր ընտանիքին պատկանող կայքում:
Սա, ըստ էության, նշանակում էր՝ նախկին նախագահների կամ ընդդիմության հետ երկխոսության մերժում:
Սրան հետևեց Տեր- Պետրոսյանի արձագանքը. Կաթողիկոսի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը նա սպառված է համարում:
Առկա իրողությունները հուշում են, որ ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ նախագահներից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր մոտեցումները զարգացումների վերաբերյալ: Միայն դրանից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք նպատակահարմար է Վեհափառի ու նախագահների ձևաչափով հանդիպումների շարունակությունը՝ որևէ օրակարգով, թե՞ գործ ենք ունենալու տարբեր հարթակների ու օրակարգերի հետ:
Ընդ որում, կա հնարավորություն, որ ձևաչափերը տարբեր լինեն, սակայն Վեհափառի նախաձեռնած հարթակը շարունակի գործել ՝ դրանց ներդաշնակություն ապահովելու նպատակով: Թերևս, դրան են միտված Գարեգին Բ-ի առանձին- առանձին հանդիպումները նախագահների հետ, որոնց ընթացքում փորձ է արվում գտնել արդյունավետ լուծումներ:
Վահրամ Բագրատյան