Բաքվի վարչախումբը բազմիցս ցույց է տվել, որ ուխտադրուժ է և կարող է խախտել ցանկացած փաստաթուղթ. Ոսկանյան

Մեզանում ցավալիորեն շարունակվում է կեղծ օրակարգերի քննարկումը՝ այդ թվում, այսպես կոչված, Ադրբեջանի հետ իբր խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու հարցը, որը փորձ է կատարվում ներկայացնելու նաև որպես փաստաթուղթ-համադարման։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրականում փաստերը խոսում են բոլորովին հակառակի մասին։ Բաքվի բարբարոսական վարչախումբը բազմիցս առարկայորեն ցույց է տվել, որ ուխտադրուժ է և հանգստորեն կարող է խախտել ցանկացած ստորագրված փաստաթուղթ՝ այդ թվում ոչ միայն 1994թ. նաև Արցախի հետ կնքած հրադադարի համաձայանագիրը և նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, այլ նաև նույնիսկ բոլորովին վերջերս Ռուսաստանի հանդեպ ստանձնած իբր դաշնակցային հարաբերությունների մասին պարտավորությունները։
Ըստ այդմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ճակատագիրը ոչ թե պետք է կապել իբր «համապարփակ խաղաղության» պայմանագրի, որն իրականում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից ցանկացած հարմար պահի կարող է վերածվել անպետք թղթի կտորի, այլ միայն և բացառապես հայկական պետությունների միասնական անվտանգային համակարգի հնարավորին արագ և որակյալ վերականգման և արդիականացման հետ։
Որպես ազգ և պետություն, մեր հետագա գոյությունը և զարգացումը պայմանավորված է լինելու ոչ թե փաստաթղթային համապարփակ պատրանքով, այլ մեր ռազմական և անվտանգային համակարգերի հենց համապարփակ հզորացումով և թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելով»,-գրել է իրանագետը։