Վահե Ղազարյանի՞ց է կախված հաջողությունը

Վահե Ղազարյանի՞ց է կախված հաջողությունը

Բագրատ Սրբազանը կոչ է արել ժողովրդին այսօր ժամը 16:00-ից գալ Ազատության հրապարակ և իրենց դժգոհությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, որն այդ ժամին լինելու է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրնում միջոցառման շրջանակներում։ ՆԳՆ-ից արդեն իսկ զգուշացրել են, որ սահմանափակելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կենտրոնում, և այս պահին տեսանելի է, թե ինչպես է Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր կենտրոնացրել կենտրոնում: Բառի բուն իմաստով՝ աննախադեպ քանակի:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի անունը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այս ընթացքում շատ է հնչեցրել: Հիմնական հարցերից մեկը՝ արդյո՞ք Վահե Ղազարյանը կհանի ոստիկաններին ընդդեմ ակցիաների մասնակից քաղաքացիների, թե՞ կկանգնի ժողովրդի կողքին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ 

«Եթե դիտարկենք տավուշյան եռանկյունու տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյան - Վահե Ղազարյան - Բագրատ Սրբազան, ապա այս պահին ՆԳ նախարարը պրոցեսների վրա ավելի ազդեցիկ է, քան Նիկոլ Փաշինյանը, քանի որ Վահե Ղազարյանից է կախված ընդդիմադիր ժողովրդի հաջողությունը։ Եթե ցանկանան, բիրտ ուժով կցրեն ժողովրդին, կուզենան, չեն ցրի, բայց կարելի է ասել, որ Ոստիկանությունը ժողովրդի դեմ ուժ չի կիրառի, քանի որ թավշյա հեղափոխության հիմնական հաջողությունը թավշյա ոստիկանությունն է»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ խնդիրը միայն Վահե Ղազարյանը չէ, բացի Վահե Ղազարյանից կան ուրիշ ուժային կառույցներ՝ ԱԱԾ-ն, Պետական պահպանության ծառայությունը, կա նաև տեղեկատվություն, որ սև բերետավորներն այլևս Վահե Ղազարյանին չեն ենթարկվում, այլ միանգամից Փաշինյանին են ենթարկվում։

«Այսօրվա հաջողությունը կախված է ժողովրդի քանակից և այն հրամանից, որ տրվել է ոստիկաններին: Շատ բիրտ ուժ չեն կարող կիրառել, Freedom House-ը վկա, ցածր ռեյտինգների չեն գնա, բայց շատ փափուկ էլ չեն կարող, քանի որ Փաշինյանը կջղայնանա»,- ասաց Քոչարյանը։  

Ըստ մեդիափորձագետի՝ Բագրատ Սրբազանի շարժումն արդեն հաջողված է, քանի որ որոշակի արդյունքներ է արձանագրել, որոնք մինչ այդ չեն եղել, բայց ամբողջությամբ հաջողված էլ չէ, քանի որ հիմնական պահանջը չի կատարվել՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Բայց կարևոր է հաշվի առնել, ավելացրեց նա, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այլևս չի վերականգնվելու, և նույնիսկ եթե հրաշքով մինչև 2026թ․ ընտրությունները մնա, ապա ՔՊ-ն պարտվելու է։

«Ներկա պահին սահմանազատման և սահմանագծման գործընթացը Կիրանցում և Ոսկեպարում, ամենապրոբլեմատիկ կետերում կանգնեցված և սառեցված է, ինչը կրկին շարժման ազդեցությունն է։ 2018թ․-ից երբևէ համերաշխության լոզունգով հրապարակը չի լցվել, Բագրատ Սրբազանը դա էլ է արել: Եվ Փաշինյանի հերթական սուտը բացահայտեց, որ եթե հրապարակը լցվի, ինքը հրաժարական կտա։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այլևս հրապարակ լցնողը չէ։ Ավելին, հրապարակ լցնողն իրեն ընդդիմացող շարժումն է»,- եզրափակեց Քոչարյանը:

Մարիաննա Արամյան