Կեռասի օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կեռասի օգտակար հատկություններն ու հակացուցումները

Քրիստոնեական մշակույթում կեռասը համարվում է ուրախ կյանքի խորհրդանիշ, դրախտային պտուղ։ Մեր հայրենիքում ստացվել եւ մշակվում են կեռասի բազմաթիվ հիբրիդային տեսակներ` դեղին, վարդագույն, մուգ կարմիր, սեւ պտուղներով։ 

Հնագույն ժամանակներում համարվել է, որ կեռասենու ծաղիկը երազի մեջ երջանկության նշան է, իսկ կեռասի բերք հավաքելը` հաջողության։ Բրիտանացիները դրուիդների ժամանակներից գուշակում են կեռասենու պտուղներով` «Կամուսնանամ այս տարի, հաջորդ տարի, չգիտեմ երբ, երբեք»։

Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։ 

Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։

Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։ Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։ Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։

Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։