Նոր լարվածություն՝ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում 

Նոր լարվածություն՝ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում 

Դժվար չէր կանխատեսել, որ ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններն անմիջապես արձագանքվելու են Մոսկվայի կողմից:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ավելի զուսպ արձագանքին հետևեց ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պատասխանը, որն արդեն ավելի սուր էր:

Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն, ասել է. «Ինձ թվում է, որ դրանք հակասում են ողջամտությանը և իրականությանը, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ նրանք [Հայաստանը] մնում են [ՀԱՊԿ-ում]։ Եթե նրանք մնում են, նշանակում է ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում»:

Այստեղ դժվար է հակադրվել Զախարովային:

Փաշինյանի հայտնի հայտարարությունը կարելի էր ինչ-որ կերպ ռացիոնալ համարել, եթե Հայաստանն անվտանգության այլընտրանքային առաջարկություն ստացած լիներ Արևմուտքից կամ էլ՝ գոնե մինիմալ երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն Ադրբեջանին հակելու են բալանսավորված խաղաղության:

Նման երաշխիքներ Երևանը չի ստացել:

Մյուս կողմից, Մոսկվայում պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որոնք ձևավորվել են Հայաստանում. Ռուսաստանի և ՀԱՊԿ իներտ վարքագիծը Հայաստանի դեմ Ադրբեջանի 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիվ իրադարձությունների ժամանակ, Արցախի 2023-ի իրադարձությունները և Ռուսաստանի խաղաղապահների անգործությունը մեր երկրում էական հարված են հասցրել Ռուսաստանի հեղինակությանը: Այս համատեքստն էապես «սնում» է Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը:

Այս օբյեկտիվ փաստերի հետ Մոսկվայում պետք է հաշվի նստեն՝ իրենց ռեգիոնալ քաղաքականության մշակման ժամանակ:

Վահրամ Բագրատյան