Լրագրողը պատգամավորին անընդհատ հարցնում է՝ «արդյոք օգտագործե՞լ եք թմրանյութ»․ դա արդեն վիրավորանք է․ Լիլիթ Մինասյան

Լրագրողը պատգամավորին անընդհատ հարցնում է՝ «արդյոք օգտագործե՞լ եք թմրանյութ»․ դա արդեն վիրավորանք է․ Լիլիթ Մինասյան

MediaHub-ը գրել էր, որ ԶԼՄ օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ այսօր քննարկում էր կազմակերպվել «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության ու արդարադատության նախարարության կողմից, որին մասնակցում էր նաև ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Mediahub-ը այս թեմայով զրուցել է նրա հետ․

-Տիկին Մինասյան, ո՞ւմ նախաձեռնությամբ է սկսվել ԶԼՄ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
-Անցյալ տարվա ապրիլին հուշագիր է կնքվել մեդիահասարակական կազմակերպությունների և իրավապաշտպան կազմակերպությունների, արդարադատության նախարարության և Ազգային ժողովի միջև։ Այդ հուշագրի շրջանակներում պետք է քննարկվեին ցանկացած օրենսրդրական նախաձեռնություն, որը վերաբերում է մեդիային, և այդ նախաձեռնության շրջանակներում ի հայտ է եկել հարց, որ ինքնակարգավորման մարմնի ձևակերպումը մենք պետք է ունենանք, և ինքնակարգավորման մարմիններ ունենալը մեդիաների համար պետք է լինի պարտադիր, որպեսզի մենք նույն էթիկայի նորմերի շրջանակներում աշխատենք միմյանց հետ։ Նախաձեռնության ամբողջ իմաստը հետևյալն է․ ստեղծվում է մեդիախորհուրդ, որն ընդամենը վարում է ռեեստր, որտեղ բոլոր այն մեդիաները կամ հանրային իրազեկման միջոցները, որոնք ցանկություն ունեն՝ հայտնվելու այդ ռեեստրում, ունենում են կա՛մ սեփական մեդիաօմբուդսմեն, կամ անդամագրվում են որևիցե ինքնակարգավորման մարմնի, որի շուրջ կան էթիկայի նորմեր։ Մեդիախորհրդին միանում են այդ ինքնակարգավորման մարմիններն ու մեդիաօմբուդսմենները իրենց մեդիակարգավորման կանոնագրքերով։

-Շատ բարդ ու խուճուճ կարգավորումնե՞ր չեն, արդյոք։
-Էստեղ ամենակարևորն այն է, որ պետությունը ոչինչ չի անում, պետությունը օրենսդրական դաշտն է միայն սահմանում, ու լրագրողներն այդ դաշտը արդեն ինքնուրույն են ստեղծում։ Այսինքն, եթե դուք ու ևս տասը լրատվամիջոց ունեք նույն էթիկայի սահմանումները և ուզում եք միանալ էթիկայի նորմերին՝ հետևյալ կանոնագրքով, միանում եք իրար հետ, ստեղծում եք ինքնակարգավորման մարմին, ասում եք՝ ես գրանցվում եմ այս ռեեստրում։ Դա տալիս է մի խաղի կանոններ ամբողջ դաշտի համար և, հետևաբար, պետությանն ու լրատվամիջոցներին հնարավորություն՝ ունենալ ռեեստրը, որի մեջ կտեսնենք այն լրատվամիջոցներին, որոնք համակցվում են այդ ինքնակարգավորման մարմիններին։ Դրանից հետո լրատվամիջոցների հավատարմագրումն է հեշտանալու պետական մարմիններում, ստեղծվելու են բազմաթիվ նախաձեռնություններ, օրինակ՝ պետության կողմից տրվելու են սոցիալական գովազդների կամ այլ բաների համար դրամաշնորհներ, որ լրատվամիջոցները կարողանան սեփական միջոցներով ավելի աճեն։

-Միևնույն է, իշխանության կողմից նմանատիպ նաախձեռնությունների նկատմամբ վստահություն չկա, որովհետև ձեր իշխանության կողմից լրատվամիջոդներին ուղղված գրեթե բոլոր կարգավորումները ուղղված են եղել հենց լրագրողների դեմ, մեր գործունեությունը սահմանափակելուն, և այս փոփոխություննե էլ, նաև Ժուռնալիստների միությունը հայտարարություն տարածեց, որ հերթական մահակն է լինելու լրագրողների գլխին։ 
-Իշխանությունները չեն նախաձեռնել, իշխանությունները որևիցե մահակի գործիք չեն ունենում այս նախագծով, իշխանությանը ոչ մի լծակ չի տրվում, մեդիադաշտն ինքնուրույն է անում էդ ամեն ինչը, ընդամենը ստեղծվում են ընդանուր էթիկայի նորմեր։

-Ձեր բոլոր կարգավորումները՝ սկսած Ազգային ժողովում սահմանափակումներից, մինչև տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, դրանք, միևնույն է, լրագրողների դեմ են եղել ավելի շատ։
-Մի կարևոր բան ասեմ. եթե այդ կարգավորումներն ու սահմանափակումները ուղղված են եղել հիմնականում այն լրատվամիջոցների կամ լրագրողների դեմ, որոնք, ըստ պետական մարմնի, խախտել են էթիկայի նորմերը, և եթե մենք այս կարգավորումը բերում ենք, և այդ լրատվամիջոցները հայտնվում են էթիկայի նորմերի դաշտում, և արդեն իսկ պետական մարմինը տեսնում է, որ այդ էթիկայի նորմերը գործում են, ինքը կարիք չի ունենա այլևս դիմելու սահմանափակումների։

-Իսկ այն պատգամավորները, պաշտոնյաները, որոնք իրենք են էթիկայի նորմեր խախտում, նրանց մասով որևէ կարգավորում չի՞ մտցվում, որ դաշտը միակողմանի չկարգավորվի, և լրագրողներն էլ կարողանան կոմֆորտ պայմաններում աշխատել։ 
-Ես կարծում եմ՝ մենք վաղուց պետք է ստեղծեինք պատգամավորների համար առանձին էթիկայի հանձնաժողով։ Պետական մարմիններում արդեն իսկ կան յուրաքանչյուր մարմնի համար իր էթիկայի նորմերին համապատասխան էթիկայի հանձնաժողովներ, և երկկողմանի, մեկ սկզբունքի շուրջ, մեկ ուղեծրի, մեկ էթիկայի կանոնների շուրջ համաձայնության գալը միայն հանրությանը օգուտ է տալու։ 

-Հիմա, եթե ձեր խմբակցության քարտուղարը Ազգային ժողովի բարձր ամբիոնից զրպարտում է լրատվամիջոցներին, հետո լրագրողը մոտենում հարց է ուղղում նրան, ու իրեն հարց ուղղելու համար տվյալ պատգամավորը նախաձեռնում է, որ զրկեն այդ լրագրողին հավատարմագրից, դա նորմա՞լ է, և պատգամավորի էթիկայի կանոնների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ 
-Հիմա, եթե կոնկրետ այս դրվագին անդրադառնանք, պետք է ամբողջական դիտենք․ պատգամավորն ամբիոնից հայտարարություն է տարածել, որը, ըստ լրատվամիջոցի, զրպարտանք է․ ի՞նչ պետք է անի լրատվամիջոցը կամ ի՞նչ է անում պատգամավորը նմանատիպ դեպքում՝ դիմում է կա՛մ դատարան, կա՛մ էն մարմնին, որը կարգավորելու է այդ նորմը։

-Լրագրողն էլ մոտեցել ասել է՝ եկեք գնանք դատախազություն, թող հաղորդում տա կամ ապացուցի իր ասածը։ 
-Չէ, լրագրողը մոտեցել է, բացի այն տեսանյութից, որ տարածվել է, կա մի ամբողջական տեսանյութ, որը չի հրապարակվել, իհարկե, և որի մեջ լրագրողը պատգամավորին անընդհատ հարցնում է՝ «արդյոք դուք օգտագործե՞լ եք թմրանյութ, արդյոք թմրանյութերի ազդեցության տա՞կ եք, որ տենց ելույթ եք ունենում»։ Դա արդեն վիրավորանք է, դա անձնական վիրավորանք է։

-Բայց դրա վերաբերյալ փաստ կա, որ տվյալ պատգամավորին ոստիկանները տարել են թմրանյութ օգտագործելու կասկածանքով, անգամ քրեական գործ է եղել հարուցված։
-Ո՞ր թվականին։

-2017 թվականին։
-Հիմա, էդ թվականի նյութը բերելով, հանելով դաշտ, պատգամավորի ասածը դնելով կասկածի տակ լրագրողի կողմից, թե «դուք թմրանյութերի ազդեցության տա՞կ եք, որ էս բանն եք ասում»։, դա նորմալ չի, դա էթիկայից դուրս է։
 

-Լավ, չշեղվենք բուն թեմայից։ Ե՞րբ եք պատրաստվում այս օրենքը մտցնել Ազգային ժողով, և ձեզ համար կա՞ն այս պահին ընդունելի քննադատություններ, որոնց մասով պատրաստ եք ընդառաջ գնալ։ 
-Որոշ քննադատություններ, իհարկե, ընդունելի են՝ սահմանափակումների հետ կապված, բայց եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջ դաշտը միահամուռ կերպով համաձայնում է մեկ նորմի շուրջ, որ պետք է պահպանվեն էթիկայի նորմերը, միանշանակ կարելի է գնալ առաջ։ Այս տարի էլ չենք դնի շրջանառության մեջ, բայց մյուս տարվա մեջ կդնենք շրջանառության մեջ։

Վահե Մակարյան