2023-ի «ամոթի գույները»․ թքելուց մինչև հայհոյանք ու ծեծուջարդ

Անցնող տարին խիստ առատաձեռն էր՝ խայտառակ ու հակաժողովրդավար դեպքերի առումով, իհարկե։
Մեր՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում, օրինակ, անցնող տարում ԱԺ նախագահը թքել էր քաղաքացու վրա, ինչ է թե վերջինս իր հետևից «դավաճան» էր գոռացել։ Ու սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից հայտարարվում է, թե խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է մեզ համար, և ավելին, նաև այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հայտարարում է, որ իրեն վիրավորելու համար երբ թուրք են ասում, ինքը վատ չի զգում։ Այսինքն՝ ՔՊ ղեկավարն էլ է ընդունում՝ հանրային մարդու համար պետք է անակնկալ չլինի նման երևույթը, հատկապես՝ հայրենազրկման, պատերազմում պարտության ու հազարավոր զոհերի ֆոնին։
Դեպքին բազմաթիվ արձագանքներ ու անդրադարձեր եղան, և հանրության մի մասը դատապարտեց Սիմոնյանի այդ քայլը, մեղադրեց նրան, մյուս մասն էլ՝ ոգևորված նշեց, որ այդպես է պետք վարվել մարդու հետ, որը հարգել չգիտի իր երկրի պաշտոնյաներին, իր համերկրացուն։
Հանրությունը քննարկեց, մեկ-երկու օր, ու թեման մոռացվեց։ Ու գրեթե ոչ ոք չի էլ հիշում, որ ՄԻՊ-ն անգամ այդ դեպքին չի արձագանքել։
Ինչևէ, անցնենք առաջ։
Նույն ժողովրդավարության բաստիոնում, որտեղ յուրաքանչյուր մարդ ինչ-որ ձևով փորձում է իր օրվա հացը վաստակել ու գլուխը պահել, պաշտոնյան իրեն թույլ է տալիս մարդու քրտինքը «ոտնատակ տալ»։ Խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին է, որը հանկարծ հասկացել էր, որ մեքենան կայանելու համար իրեն խանգարում է փողոցում կարտոֆիլ վաճառող տղամարդը։ Դրանից հետո նա վեճի էր բռնվել այդ տղամարդու հետ, ոտքով հարվածել ու թափել էր վաճառվող կարտոֆիլը։ Դրանից հետո պատգամավորի հետ վեճի բռնված տղամարդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Սա եզակի դեպքը չէ, երբ Աղազարյանը սկանդալի կենտրոնում է․ սեպտեմբերի 21-ին էլ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դարձավ «օրվա հերոսը», երբ զոհվածների ծնողները փորձեցին արգելել իր և ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի մուտքը պանթեոն, նրանցից մեկն ապտակեց Աղազարյանին, որին հաջորդեց պատգամավորի հայհոյանքը՝ ուղղված քաղաքացուն։ Իրավապահները պատասխանատվության ենթարկեցին քաղաքացուն, իսկ Աղազարյանը հայհոյելու համար ոչ մի պատասխան չտվեց։
Ի դեպ, սրանք դեռ ծաղիկներն են։
Ժողովրդավարության բաստիոնի «հերն անիծվեց» ՄԻՊ-ի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը որոշեց «կտրել» ընդդիմության առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները։
«Դու գիտես՝ այս երկրում ո՞վ է հեղափոխություն արել, հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական հեղափոխություն, էս ժողովրդին մեկն ու մեկդ հանկարծ փորձեք անվանարկել՝ չփոշմանեք։ Նայի, դու էլ չմտնես մկան ծակերը։ Սիրելի հայրենակիցներ, լեզուն կկտրենք, ով մեր ժողովրդին համարձակվի անվանարկի, լեզուները կկտրենք, ականջներն էլ՝ հետը»,- հոխորտացել էր Հովհաննիսյանը։
Հեղափոխություն արած մարդկանց չվիրավորել, սա էր Հովհաննիսյանի «արդար պահանջը». իհարկե, վիրավորել չի կարելի, բայց ականջ ու լեզու կտրել «չի կարելի», «քխ» լինելու մասին ոչ մի խոսք։ Բայց իր քաղաքական թիմի ղեկավարը, փաստորեն, չէր լսել, որ Հովհաննիսյանը կտրելու է ժողովրդին վիրավորող մարդու լեզուն ու ականջը, հակառակ դեպքում, վստահ, չէր համարձակվի հրապարակավ հայտարարել, որ իրենց հեղափոխական գաղափարներին դեմ գնացողներին «ստիպելու է բորդյուր լիզել»։
Կամ, գուցե մեր երկրում այլ կարգ է գործում, ըստ որի՝ Փաշինյանի ու իր թիմի հնչեցրած վիրավորանքը, հայհոյանքը, գործադրած բռնությունն «օրհնանք է», ուստի նեղանալ կամ դատապարտել չի կարելի։
Նարե Գնունի