Ուզում եք ամեն օր մարդկանց դիակներ տեսնեք, որ նոր արձագանքե՞ք․ ԱՀ պետնախարար

Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական շարժում, որին մասնակցում են նաեւ Արցախի իշխանությունները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը։ 

Դիմելով Վերածննդի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին՝ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ իրավիճակն արդեն օրհասական է, վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար, այսօր արդեն կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ, մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է։ 

Ներսիսյանը նշեց, որ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսեւորումներով։ Ըստ նրա՝ սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային հասարակական երթուղիները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում երեխաներին տրվում է չնչին քանակի սնունդ։ 

«Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները , մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի եւ բուժօգնության խնդիր։  Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ արձագանքե՞ք, ուզում եք մանկահասակ երեխաների մահվան կրկնություններ, որ խելքի գա՞ք։ Ես բոլորի անունից ասում եմ՝ բավական է, արդեն 3 տարի է արցախցին կրում է տառապանքներ։ Մենք 3 տարի է հետեւում ենք բանակցությունների ընթացքին, բայց ո՛չ արդյունքն ենք տեսնում, ո՛չ ազդեցությունն ենք զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ եւ հարկ է լինում որեւէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածը իջնում է արցախցու գլխին։ Ուզում եմ գոռալ՝ բավական է»,-ասաց Արցախի պետնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում