ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ո՞վ կփոխարինի Անուշ Բեղլոյանին

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնեցինք, որ նրան, ըստ ՔՊ նախընտրական ցուցակի հերթական համարի, պետք է փոխարիներ Ռազմիկ Մկրտչյանը, որը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է։ Սակայն, վերջինս հայտնել է, որ չի պատրաստվում վերցնել պատգամավորի մանդատը, քանի որ «սիրում է» իր աշխատանքը։
MediaHub.am-ի տվյալներով՝ նոր ՔՊ-ական պատգամավորի հաջորդ թեկնածուն Գայանե Եղիազարյանն է։ Նրա անցած ճանապարհի մասին հստակ տեղեկություն բաց հարթակներում գտնել, կարելի է ասել, չհաջողվեց։ Հասանելի տեղեկատվությունը հետևյալն է՝ Եղիազարյանը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Երևանում։ 1993-1994թթ․ աշխատել է Երևանի Հաստոցաշինական գործարանին կից բնական քարերի արտադրամասում` որպես որակի պատասխանատու: 1997-2000թթ․ աշխատել է «Narek» տնտեսական ընկերությունում` որպես որակի պատասխանատու: 2000-2003թթ․ աշխատել է «NAREK TOPAZ» ՍՊԸ–ում` որպես որակի պատասխանատու: 2016-2018թթ․ աշխատել է «TOUR ADVICE» տուրիստական գործակալությունում: 2015թ.֊ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018-2020թթ աշխատել է ՔՊԿ «Վերադարձի հիմնադրամ»-ում որպես Աջափնյակի գրասենյակի գործավար: 2018թ ք. Երևանի «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակով ընտրվել է ավագանու անդամ: 2021թ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղար:
Ամուսնալուծված է, ունի երկու զավակ: