Գնալը հեշտ է, գալը՝ անհնարին. անցակետը դարձել է Արցախից ժողովրդին տարհանելու ճանապարհ. Հակոբյան  

Գնալը հեշտ է, գալը՝ անհնարին. անցակետը դարձել է Արցախից ժողովրդին տարհանելու ճանապարհ. Հակոբյան  

Այս վեց ամիսների ընթացքում, ինչ Արցախը շրջափակման մեջ է, իրավիճակը գնալով ավելի է վատթարանում, և ավելի խորքային խնդիրներ են ի հայտ գալիս։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։ 

«Արցախի տնտեսությունը, գրեթե, կազմալուծվել է։ Պետական միջոցները, եթե նախկինում Արցախի Հանրապետությանը տրամադրվում էին, հիմա որպես այդպիսին բացակայում են։ Մեծ խնդիրներ են առաջանում առողջապահական ոլորտում, մարդիկ զրկվում են ՀՀ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություններից, մարդիկ զրկվել են իրենց աշխատատեղերից, գրեթե 30 հազար դպրոցականներ զրկվել են նորմալ ուսում ստանալու հնարավորությունից և ընդհանրապես, փաստացի, Արցախի բնակչությունը զրկված է ինքնուրույն ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Գնալով այս ամենն ավելի է խորանում, կարծում եմ, որ այս շրջափակումը վառ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի հանցագործ իշխանություններն իրենց մտադրություններն են ուզում իրագործել Արցախում ապրող ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հաճախ տեսանյութեր է տարածում, որ արցախցիներն անցնում են տեղադրված անցակետով, որտեղ երբեմն հերթեր են գոյանում, վերջինս պատասխանեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ օգտագործում է հօգուտ իր պլանների։ 

«Արցախի բնակչությունը և իշխանությունը բազմիցս հայտարարել են, որ մեզ համար կարմիր գիծ է Արցախ-Հայաստան ցամաքային անխափան, անխոչընդոտ, առանց անցակետերի ճանապարհը և այսօր Ադրբեջանը հատել է այդ կարմիր գիծը, բայց ցավոք ո՛չ ՀՀ իշխանությունները, ո՛չ Արցախի իշխանությունները ադեկվադ պատասխան չեն դրսևորում այդ կարմիր գծի հատմանը, հակառակը՝ փորձում են ժողովրդին հարմարեցնել այս իրավիճակին։ Մի կողմից շատերը սկզբունքայնորեն չեն օգտվում այդ ճանապարհից, բայց մյուս կողմից էլ, շատերի համար սա կենսական նշանակություն ունեցող անցակետ է, շատերն անցում են դրանով»,-ընդգծեց նա։ 

Դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ Փաշինյանն է հրահանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին թույլատրել շարժն այդ անցակետով, այդպիսով լեգիտիմացնելով դրա գործունեությունը, Հակոբյանը նշեց, որ այս հրապարակումներին ծանոթ չէ, բայց փաստ է, որ իրենք գնում են ժողովրդին հարմարեցնելու ճանապարհով: Բայց, շեշտեց մեր զրուցակիցը, ժողովուրդը պետք է մերժի այս վարքագիծը։ 

Հարցին՝ կա՞ վիճակագրություն, թե քանի մարդ է դուրս եկել անցակետով և քանիսն են վերադարձել այս ընթացքում, Հակոբյանն ընդգծեց՝ որևէ պաշտոնական տվյալ այս մասին չկա։ 

«Սակայն, տեղյակ եմ, որ ՀՀ-ից Արցախ վերադառնալը գրեթե անհնար է, մարդիկ ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնում գալիս, քան գնալիս և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ճանապարհը պարզապես Արցախից ժողովրդին տարհանելու ճանապարհ է դարձել։ Նույն ժամանակ, մեզ համար անընդունելի է շարունակում մնալ այն հանգամանքը, որ Արցախից Հայաստան տանող ճանապարհին ադրբեջանցիներ են կանգնած»,- հավելեց Հակոբ Հակոբյանը։ 

Լիաննա Թորոսյան