Սուլթանից ստացած շքանշանը կապել է շան վզին, իսկ հետո տարել և շպրտել ծովը․ Այվազովսկու ծննդյան օրն է

Սուլթանից ստացած  շքանշանը կապել է շան վզին, իսկ հետո տարել և շպրտել ծովը․ Այվազովսկու ծննդյան օրն է

Հուլիսի 29-ը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է․ նա իր ծննդավայր Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար՝ նա սկսել է նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։

 

Մեծանուն հայի հետնորդները պատմում են՝ Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից նոթատետրում նշումներ անում։

«Ծովն իմ տարերքն է. որքան էլ ապրեի, որևէ նոր բան կգտնեի այնտեղ»,- մտերիմների մոտ անկեղծացել է Այվազովսկին։

Այվազովսկու ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրել են ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի են ունեցել հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և շպրտել ծովը։

Հովհաննես Այվազովսկին երկու անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը անգլուհի էր՝ Յուլիա Յակովի Գրևսը։ Համատեղ կյանքի 12 տարիների ընթացքում նրանք ունեցել են 4 դուստր՝ Ելենան, Մարիան, Ալեքսանդրան և Ժաննան։

Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը՝ Իրինա Կասացկայան, ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, որը շարունակել է պապի գործը։

Այվազովսկու սիրելի թոռն օդաչու-նորարար Կոնստանտինն էր։ Նրա դուստրը՝ Օլգա Արցեուլովան հարցազրույցներից մեկում պատմել է, որ միայն նրան էր թույլատրված լինել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր:

Այվազովսկու տարեդարձը նշում են ոչ միայն արվեստասերները, այլև նավաստիները, նավատորմի վետերանները։

Հովհաննես Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թվականի մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը, որը սկսել էր նկարել հենց իր մահվան օրը։