Պահանջում ենք հանդիպում վարչապետի աշխատակազմի հետ․ ցմահ դատապարտյալ

Պահանջում ենք հանդիպում վարչապետի աշխատակազմի հետ․ ցմահ դատապարտյալ

«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հանդիպել են արդարադատության փոխնախարարի հետ։

«Մեր իրավաբաներն ու մեր հարազատները հանդիպել են արդարադատության փոխնախարարին, բայց հստակ լուծում չի առաջարկվել։ Ասել են, որ գիտեն՝ ինչ խնդիր է բերել օրենքի այս կարգավորումը, բայց ոչինչ չեն կարող անել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց 22 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ուզում են վարչապետի աշխատակազմի հետ հանդիպում լինի, քանի որ «վարչապետն ա այս ամենն արել»։

«Քանի որ այս բարեփոխումների հեղինակը վարչապետն է, դրա համար ուզում ենք իր աշխատակազմից որևէ մեկին հանդիպել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք՝ հինգ հոգով շարունակելու են հացադուլը։

Ավելի վաղ գրել էինք, որ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ նոյեմբերի 27-ից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից մեկը նոյեմբերի 29-ին ներկայացրել է գանգատներ առողջության վերաբերյալ։

Հիմնարկի կողմից կանչված շտապօգնության բուժանձնակազմը խորհուրդ է տվել դեղորայքային բուժում, որը ստանալու համար դատապարտյալը պետք է դադարեցնի հացադուլը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է բուժումից՝ շարունակելով հացադուլը։

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույն դատապարտյալի, ինչպես նաև հացադուլ հայտարարած դատապարտյալներից ևս մեկի համար կրկին կանչվել է շտապօգնություն՝ առողջական խնդիրներից ելնելով։ 

Նարե Գնունի