Ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը․ ԱՀ ԱԻՊԾ

Ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը․ ԱՀ ԱԻՊԾ

2022 թվականի մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 951 զանգ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Արցախի Հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված մարտի 18-ից ԱԻ պետական ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհևաժեշտ օգնություն, ներկայացել բոլոր ահազանգերին և ձեռնարկել համապատասխան փրկարարական աշխատանքներ, մասնավորապես արձագանքելով քաղաքացիների համար վտանգ ներկայացնող փլուզումների, արգելափակման մեջ հայտնված ավտոմեքենաների ուղևորների տարհանման, երթևեկության և մարդկանց բնականոն տեղաշարժի համար վտանգ և խոչնդոտ հանդիսացող ծառերի հատման և այլ անցանկալի պատահարների վերաբերյալ կանչերին:

Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, տարերային՝ 2, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 22 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 11 կանչերի:

Հրդեհների քանակը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: