Ռուսաստանում բրիտանական գույքը բռնագրավելու հիմքեր կան․ Վոլոդին

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանին պատկանող միջոցների փոխանցումն Ուկրաինային հիմք է Մոսկվայի կողմից նմանատիպ պատասխան գործողությունների համար։
«Անգլիայի կողմից Ռուսաստանին պատկանող միջոցների փոխանցումն Ուկրաինային միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանք ստիպված կլինեն Ռուսաստանին վերադարձնել այն, ինչ հիմա այդքան մեծահոգաբար բաժանում են: Ճիշտ այնպես, ինչպես Թրամփը հիմա ստիպված է չեղարկել Բայդենի խելահեղ որոշումներն Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է Վոլոդինը:
«Բրիտանական ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը ընդմիշտ կխաթարվի, քանի որ տեղի ունեցածը ոչնչացնում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, որի վրա հիմնված է ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգը», - ընդգծել է Վոլոդինը։
Նա նաև ասել է. «Մեր երկիրն այժմ ունի բոլոր հիմքերը՝ նույն կերպ արձագանքելու և մեր երկրում բրիտանական ունեցվածքը բռնագրավելու համար»:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային ուղարկել է 752 մլն ֆունտ ստերլինգ՝ ապահովված ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։ Նրա խոսքով՝ միջոցներն ուղղվելու են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։