Նստացույցը տվեց առաջին արդյունքը

Նստացույցը տվեց առաջին արդյունքը

Փաշինյանի իշխանությունը հեռացնելու նպատակով կիրակի օրվանից Ազատության հրապարակում նստացույց են անում ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանն ու թիմակիցները։


Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասել է՝ այս փուլում փորձում են քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնել։ 


Միայն այն փաստը, որ քաղաքական, հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, հայտնի ու ոչ այնքան հայտնի մարդիկ հրապարակի տարբեր հատվածներում քննարկում են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները արդեն դրական երևույթ է։ Հասարակական տարբեր խմբերի դիսկուրսի կայացման հարցում պետք է շահագրգիռ լիներ հենց իշխանությունը, որովհետև խաղաղության օրակարգը ենթադրում է բարիկադների վերացում, առաջին հերթին երկրի ներսում, հետո նոր տարածաշրջանում, հարևան երկրների միջև։


Միշտ պետք է հավատալ նման հեռանկարին, ցավոք Հայաստանի գործող իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում գտնել հասարակական ու քաղաքական դիալոգի, կոնսոլիդացիայի արդյունավետ մեխանիզմներ։


Ազատության հրապարակում հասարակական դիալոգը, երկխոսությունն արդեն կայացել են ու դա շարունակվող նստացույցի առաջին շոշափելի արդյունքն է։


Մեկ այլ կարևոր շեշտադրում էլ երեկվա ասուլիսում արեց Արթուր Վանեցյանը։


Լրագրողները հետաքրքրվեցին արդյոք պատրաստվո՞ւմ են վայր դնել մանդատները, և այս պայքարը հանուն Արցախի՞ է, թե՞ հանուն իշխանափոխության: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով այս պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն հայի ու Արցախի, բայց միաժամանակ հավելեց. «Այդ ամենին հասնելու համար պետք է լուծել միջանկյալ խնդիր` հեռացնել իշխանություններին:


Իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում փողոցի ճնշման տակ, իսկ մանդատները մեզ նաև պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար»:


Սրանով հերքվում է իշխանության պրոպագանդայի հայտնի թեզերից մեկը, թե ընդդիմությունը մտադիր է հեղաշրջում անել։ Վանեցյանը հստակ ձևակերպեց՝ առաջնորդվելու են պայքարի միայն լեգիտիմ միջոցներով՝ սահմանադրական կարգավորումների շրջանակում։

 

Վահրամ Բագրատյան