Ձմեռ պապն ու Ձյունանուշը «գժված են» (տեսանյութ)

Երեկվանից Հանրապետության հրապարակում սկսել են հավաքել տոնածառն ու ամանորյա զարդարանքները, որոնք անգամ մեկ ամիս չուրախացրեցին երևանցիներին ու Հայաստանի հյուրերին: Թեպետ նախկինում ամանորյա զարդարանքը թողնում էին մինչև հին Նոր տարին՝ այդ ավանդույթը մնացել էր ԽՍՀՄ տարիներից:
Տոնածառի ժամանակից շուտ հավաքելը, Հայաստանի գլխավոր հրապարակն առանց տոնական լույսերի թողնելը նկատել են շատերը, երեկվանից հայաստանյան սոցիալական տիրույթում այս հարցն է բուռն քննարկվում, թե ինչո՞ւ:
MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից այս հարցի վերաբերյալ պատասխանեցին․ «Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաև ամանորյա լուսավորումը։ Փաստացի, 1 ամիս թե՛ տոնածառի լույսերը, թե՛ քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված են եղել»։
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ զարդարանքների հավաքելը ոչ միայն մարդկանց զայրացրել է, այլև տոնական օրերին որոշներին զրկել եկամուտից։ Հրապարակում «աշխատող» Ձմեռ պապիկի, Ձյունանուշի հանդերձանքով, Միկի և Մինի Մաուսների և մյուսների հագուստով մարդիկ «գժված են», քանի որ զարդարանքները հավաքելու հետ մեկտեղ իրենց գործն է ավարտվում։ Մինչդեռ նրանք հույս ունեին, որ մինչև հունվարի 14–ը երեխաներին կուրախացնեն, + գումար կվաստակեն։
«Եվս մի քանի օր կարող էինք գումար վաստակել, ի վերջո, տարին ընդամենը մի քանի օր ենք կարողանում գումար վաստակել Ձմեռ պապիկի շորերով, բայց դա էլ խլեցին»,– MediaHub-ի հետ զրույցում դժգոհեց անիմատորներից մեկը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հրապարակում աշխատող այս անձանց հաշվառում է վարում, լիցենզիա տալիս, որ նրանք օրինական գործունեություն են ծավալում: Մենք դիմեցինք քաղաքապետարանին, որպեսզի ճշտենք, թե ի՞նչ ժամկետով են այդ անձինք ստացել լիցենզիան: Պարզվեց՝ մինչև հունվարի 13-ը: Այսինքն, քաղաքապետարանը մի կողմից լիցենզիա է տալիս, մյուս կողմից զրկում աշխատավայրից, որտեղ այդ գործունեությունը պիտի ծավալվի:
Բայց մենք վաղուց արդեն չենք զարմանում այս կառույցի անտրամաբանական որոշումների ու քայլերի վրա: Ձմեռ պապիներին ու Ձյունանուշներին էլ մնում է լիցենզիան ձեռքներին հետևել, թե ինչպես են հավաքում Հայաստանի ամենաթանկարժեք տոնածառը:
Մարիաննա Արամյան