Զելենսկին մերժել է Դոնբասի և Ղրիմի վերադարձի ռազմական սցենարը

Զելենսկին մերժել է Դոնբասի և Ղրիմի վերադարձի ռազմական սցենարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Դոնբասի և Ղրիմի օկուպացված տարածքների հարցը չպետք է կապել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու և երկրի այն տարածքներից, ուր ռուսական զորքերը մտել են փետրվարի 24-ից, դրանք դուրս բերելու բանակցային գործընթաց։

Նա համոզմունք է հայտնել, որ հնարավոր չէ այդ բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծել և այդպիսով ավարտել պատերազմը ՌԴ-ի հետ։ Հատկապես, երբ Ուկրաինայի տարածքում են ռուսական տանկերը, այնտեղ են հասնում հրթիռները, երբ դժվարին իրավիճակ է արգելափակված քաղաքներում, ինչպես, օրինակ, Մարիուպոլում։

«Ռուսաստանն ունի Դոնբասի ի՛ր տեսլականը, իսկ Ուկրաինան՝ իր: Հետևաբար, ես ունեի մի պարզ առաջարկ: Կարծում եմ, որ մենք չենք կարողանա միանգամից բոլոր կետերի շուրջ համաձայնության գալ: Դա անհնար է, նույնիսկ եթե մենք բանակցություններ ունենանք»,- նշել է Զելենսկին:

Արձագանքելով բոլոր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելու կոչերին՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերի ամենահզոր խմբերից մեկը կռվում է Դոնբասում՝ Համատեղ ուժերի գործողության գոտում։