Տավուշում «տագնապ» չի հայտարարվել․ մարզպետ

Տավուշում «տագնապ» չի հայտարարվել․ մարզպետ

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տելեգրամյան ալիքներում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Տավուշի մարզում համար 1 տագնապ է հայտարարվել։

Տեղեկության հավաստի լինելը MediaHub.am-ը փորձեց ճշտել մարզպետ Հայկ Ղալումյանից։ 

«Չկա նման բան»,-ասաց Ղալումյանը և այլ հարցերի չպատասխանեց՝ մեկնաբանելով, որ զբաղված է։ 

Հիշեցնենք, որ երեկ արդեն ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան՝ մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով, այն գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Սիդորովին ընդունել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ 

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ից։ 

Այս պահի դրությամբ հայկական կողմը հայտնել է 105 զոհի մասին, վիրավորների հստակ թիվը դեռ չի հրապարակվել։

Լիաննա Թորոսյան