Վահագն Խաչատուրյանն արդարանում է. ի՞նչ է տեղի ունեցել թագուհու դագաղի մոտ

Վահագն Խաչատուրյանն արդարանում է. ի՞նչ է տեղի ունեցել թագուհու դագաղի մոտ

ՀՀ նախագահականից MediaHub-ին հայտնում են՝ Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ լուսանկարվելը արարողակարգային խախտում չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել էր Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում: Բայց մինչ այդ Խաչատուրյանն արդեն բոլոր հայտնի պարբերականների առաջին էջին էր՝ որպես օրվա կադր ու օրվա խայտառակություն։

Մասնավորապես, Daily Mail-ը ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ նախագահը Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ լուսանկարվում, լուսանկարչի դերում էլ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էր։ Այդ սրահում լուսանկարվելն արգելված էր, որի պատճառով էլ Խաչատուրյանի քայլը բոլորն էին քննադատում՝ մեղադրելով նրան արարողակարգ խախտելու մեջ։ Շարքային բրիտանացիների մեծ մասն այդ օրը, թերևս կյանքում առաջին ու վերջին անգամ, տեսան հեռավոր Հայաստանի նախագահին՝ ոչ լավ լույսի ներքո:

MediaHub.am-ը դեռ այդ օրն էր դիմել նախագահական ճշտելու, թե արդյո՞ք ՀՀ 5-րդ նախագահը տեղյակ չէր արարողակարգից, իսկ եթե տեղյակ չէր, ապա պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել:

Մեր գրավոր հարցման պատասխանը ստացվել է նոր և այն, ինչպես և սպասելի էր, հուշում է այն մասին, որ նախագահը «ոչ մի սխալ քայլ չի արել, ներողություն խնդրելու կարիք էլ չկա»։

«Բնավ համամիտ չլինելով «տեղեկատվություն ստանալու հարցում» վերտառությամբ նախագահի աշխատակազմին ուղղված գրություններում առկա ենթադրյալ խախտումների վերաբերյալ գնահատականների հետ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել»,-ասված է պատասխանում:

Նման պատասխան ստանալը, կրկնենք, մեզ համար բնավ զարմանալի չէ՝ ի վերջո, այս դեպքում արգելքը որևէ պատիժ չի ենթադրում, բացի հանրային պարսավանքի ու մի ամբողջ սգացող պետության հեղինակավոր տաբլոիդների շապիկներին ծաղրուծանակի առարկա դառմալը: Բայց նախագահականն արդարանում է՝ Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ լուսանկարվելն արարողակարգային խախտում չէ… մեզ էլ մնում է միայն ընդունել այն միտքը, որ երկրի առաջին դեմքերն իրենց «անտեղյակության» պատճառով նման լույսի ներքո են ճանաչելի դառնում աշխարհին։


 Լիաննա Թորոսյան