Երեքշաբթի քաղաքական ուժերը հանդիպելու են Շահրամանյանի հետ․ իմ տեսակետն այդտեղ կասեմ․ Սամվել Բաբայան

Սամվել Շահրամանյանի հետ այսօր էլ եմ խոսել, վաղն էլ եմ խոսելու, երեքշաբթի էլ պիտի հանդիպենք, խոսենք։ Մենք մեր շփումը պահում ենք, ընդհանուր հայտարարի պիտի գանք ու քաղաքական բոլոր ուժերի հետ հասկանանք, թե ով ինչպես է հասկանում բանակցությունները Ադրբեջանի հետ։ Ընդհանուր փաստաթուղթ պետք է ստեղծենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։
«Ես չեմ ասել, որ հենց ես պետք է բանակցեմ, մեզ ընդհանուր համաձայնեցված սկզբունքներ են պետք։ Երեքշաբթի այդ սկզբունքների փաթեթը պետք է մշակենք, որով ենթադրում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկ։ Անկախություն, Ադրբեջանի մի մաս կամ այլ կարգավիճակ, սա պետք է հստակեցնել. սա դեռ քննարկված չէ, չենք խոսել։ Իմ տեսակետն այն է, որ ինքնավար հանրապետության շրջանակներում բանակցենք Ադրբեջանի հետ, եզրեր գտնենք, տարածքային ամբողջականությունը պահպանենք և Ղարաբաղի ժողովուրդն ապրի իր հողի վրա»,-ասաց նա։
Բաբայանը նշեց, որ Հայաստանի կազմ մտնելը նոր պատերազմ կնշանակի, քանի որ Ադրբեջանը կռվել ու կռվելու է տարածքային ամբողջականության համար։
«Մեզ ելք է պետք, որ ժողովուրդն իր տարածքում ապրելով և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ ազատ գործի։ Մեկ է՝ վաղ թե ուշ տարածաշրջանն ընդհանրապես քաղաքական, տնտեսական, լոգիստիկ ինտեգրման է գնալու և այլընտրանք չկա, քան կովկասյան երկրների համագործակցությունն է»,- հավելեց նա։
Լիաննա Թորոսյան