Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով:
2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար: