Եթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան

Հայաստանի իշխանությունները նշում են, որ ընդամենը 2 տուն է անցել Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում` գիտակցված լռելով այն մասին, որ Կիրանցի բնակիչների տները, փաստացի, հայտնվում են Ադրբեջանի դիրքերի անմիջապես հարևանությամբ։ Այսօր էլ արձագանք է եղել կիրանցեցիների արդար բողոքին․ տեղի է ունեցել Տավուշի մարզպետի և Կիրանցի բնակիչների փակ հանդիպումը, որտեղ ասել են՝ «ճանապարհը երեք ամսում կկառուցվի, Ադրբեջանի տարածքում մնացած տների տերերին էլ փոխհատուցում կտրվի»։
Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նշում է, որ ապօրինի այս գործընթացի լուծումը կարող է լինել իշխանության հեռացումը: Խոսվում է, որ շարժումը, կարծես, մարել է, ինչին շարժման առաջնորդը հակադարձում է և ասում, որ ոչինչ չի մարել, և ամենը ինչպես գծած է, այդպես էլ լինում է։
Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք մարելու նախանշաններ կան, և ի՞նչ զարգացումներ սպասել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«Շարժման մասով՝ այնպիսի բան չկա, որ հասարակությունն ինչ-որ բան տոտալ մերժում է։ Մենք, 6 տարի է, ունենք այս իշխանությունը, այս իշխանությունն ունենք պատերազմի խայտառակ ավարտից 4 տարի հետո, և եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ մեկ օրվա ընթացքում հնարավոր է ինչ-որ փոփոխություններ անել, ապա լավ չի, որ մարդիկ դեռ այդպիսի պատկերացումներ ունեն»,- ասաց Մաթևոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ երկար ժամանակ քննարկում կար, թե ով է լինելու առաջնորդը, որ ժողովուրդը ոչ մեկին չի հավատում, փողոց դուրս չի գալու, բոլորը համակերպվել են, բայց ահա արձանագրում ենք, որ կա առաջնորդ, որի հետևից ժողովուրդը դուրս է գալիս, ինչը նշանակում է, որ ժողովուրդը, ամեն դեպքում, պատրաստ է դուրս գալ հանրահավաքներին։
«Նիկոլ Փաշինյանը, իրականում, առաջին անգամ կարողացավ լցնել Հանրապետության հրապարակը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Դրանից առաջ մարդաշատ ակցիաներ կային, բայց համեմատելով հանրահավաքի հետ՝ տարբերությունը ակնհայտ է, երբ հավաքում ես հրապարակը, երբ քո հիմնական օպոնենտը հրաժարական է տվել։ Իսկ այս դեպքում Սրբազանը կարողացել է մինչև հրաժարականը հավաքել մարդկանց հրապարակում»,- ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետը նշեց, որ առաջնորդի հարցը, կարծես թե, լուծվել է, ակնհայտ է, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց, բացի այդ, մարդկանց պետք է բացատրել, թե ինչի համար են դուրս գալիս փողոց, քանզի՝ «եթե դու ուզում ես՝ Կիրանցը լինի հայկական, դու պետք ա Երևանը հայկական պահես»։
«Ամենամեծ վտանգներից մեկը, որ կախված է Հայաստանի գլխին, դա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է: Դա շատերի ընկալմամբ նույնիսկ ավելի մեծ վտանգ է, քան Տավուշում տեղի ունեցող գործընթացը: Մինչ այս պահը Սյունիքից աջակցություն այս շարժումը չի ստացել, տեսնում ենք, որ բավականին շատ տեղեր կա աշխատելու: Մայիսի 10-ը չդիմավորեցինք նոր կառավարությամբ, բայց աշխատելն է, որ պետք է լինի այս շարժման և Բագրատ Սրբազանի կարգախոսը։ Այս շարժման յուրահատկությունն այն է, որ, ֆորմալ առումով, հայկական չափանիշներով պրոռուսական ուժերից մինչև ծայրահեղ արևմտամետ, որոնք ամեն տեղ ԿԳԲ-ի շպիոններ են տեսնում, բոլորն աջակցել են այս շարժմանը»,- ասաց նա։
Եզրափակելով խոսքը՝ Մաթևոսյանը նշեց, որ սահմանազատումը գնում է այն ուղղությամբ, որը մատնանշել է ադրբեջանական կողմը.
«Խորը կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կցանկանա այնպիսի սահմանազատում իրականացնել, որ գոնե 1%-ով ապահովի Հայաստանի շահերի պաշտպանությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մարիաննա Արամյան