Վերլուծում ենք, կարձագանքենք․ Արարատ Միզրոյանը՝ Ադրբեջանի նոր առաջարկների մասին

Այո, այդպիսի հայտարարություն եղել է։ Իսկապես, մեզ փոխանցվել է նման փաստաթուղթ։ Ըստ էության, մարտի կեսերին Ադրբեջանի փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրանից։ Մենք ֆիքսել էինք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ Ադրբեջանի կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք և դեռ անպայման կարձագանքենք: Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի: Մեր կողմից էլ առաջարկներ կլինեն։ Այսինքն, նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- ասաց նա։
Միրզոյանը հիշեցրեց իրենց ավելի վաղ արած հայտարարությունը, թե 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք ամբողջական օրակարգը չեն արտացոլում։
«Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային խողովակ, մեխանիզմ ստեղծելու մասին։ Այս մասով քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ: Երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, անպայման կտեղեկացնենք», – նշեց Միրզոյանը։