Հակակոռուպցիոն կոմիտեն մոլորվել է. Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների վերաբերյալ ապացույցները շատ են

Հակակոռուպցիոն կոմիտեն մոլորվել է. Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների վերաբերյալ ապացույցները շատ են

«Փաստինֆո»-ն գրում է․ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրած որևէ ոստիկանի առ այս պահը մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցրել ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրը «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու։ ՀԿԿ-ում արդեն նյութերի նախապատրաստման շրջանակներում Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել, մանրամասն ներկայացրել եղելությունը՝ մատնանշելով նաև կոնկրետ ոստիկանների։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին։

Դեպքից անցել է 20 օր, սակայն հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործով դեռևս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։ Ու սա այն դեպքում, երբ անգամ համացանցը հեղեղված է ապացույցներով։ Ասել է թե՝ Սասուն Խաչատրյան ղեկավարած կառույցը իր վրա է վերցրել ոչ միայն քաղաքական հետապնդումների «ծանր» պարտականությունը, այլ նաեւ իշխանությունների ապօրինությունները, կեղտերը պարտակելու դերը։