«Շա՞ռ ես, ընկել ես հետևիցդ, գնա՛ ստուց»․ հրապարակումից օրեր անց ապօրինի «պառկինգի» տերը սպառնում է
Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։ Մոտ մեկ շաբաթ առաջ MediaHub-ի նկարահանող խումբը արձանագրել էր, որ Երեւանի կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի եւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքերի հետնամասի բակերում ընդհանուր օգտագործման համար նախատեսված ավտոկայանատեղիները անօրինական վաճառվում են՝ ժամը 300 դրամ։
Հրապարակումից 3 օր անց Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ապամոնտաժել էին շենքերի բակերում տեղադրված դեղին շարժական երկաթյա սյուները, իսկ քաղաքացիների հաշվին ապօրինի գումար աշխատող տնտեսվարողին բանավոր զգուշացում էին տվել։ Մեր նկարահանող խումբն այսօր պարզեց, որ զգուշացումից 2-3 օր անց կոշիկի վերանորոգման կետի սեփականատերը կրկին տեղադրել է երկաթյա սյուները եւ մեքենան կայանելու համար շարունակում է քաղաքացիներից գումար վերցնել։
MediaHub-ի լրագրողին տեսնելուն պես վերջինս հայտարարեց, որ սա իր տարածքն է՝ ինչ կուզի, այդ էլ կանի։ Ահազանգից հետո Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արամ Գյուլզադյանի եւ պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին կրկին այցելեցին հիշյալ հատված, ապամոնտաժեցին ապօրինի կանգնակներն ու օրենքով սահմանված կարգով տուգանեցին քաղաքացուն։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիա Սարգսյան