Նոյեմբերի 6-ի տարհանումն ու խուճապը կազմակերպել է Հայաստանի ղեկավարությունը․ Հակոբյան

Նոյեմբերի 6-ի տարհանումն ու խուճապը կազմակերպել է Հայաստանի ղեկավարությունը․ Հակոբյան

2020 թ․-ի նոյեմբերի 6-ին Ստեփանակերտը սկսեցին դատարկել, եւ ուղղությունը դեպի Երեւան, Դուք տեղյա՞կ եղել եք, որ Ստեփանակերտում մնացած ժողովուրդը կալոնաներով գալիս էին Երեւան․ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանից երեկ հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելիքյանը։ Փաշինյանը զարմացավ՝ «նոյեմբերի 6-ի՞ն, բայց կներեք, նոյեմբերի 6-ին Ստեփանակերտը չեմ կարծում, որ լիքն է եղել, որ դատարկելու հարց առաջանար։ Կդժվարանամ ասել, այդ դրվագը պիտի լրացուցիչ ճշտեմ»։

Լրացուցիչ որեւէ բան չշտելու հարց չկա, MediaHub-ի հետ զրույցում նկատում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ Ստեփանակերտի բնակչությանը նոյեմբերի 6-ին տարհանել են Հայաստանի իշխանությունների հրամանով։

«Ես իրականությունը հիմա էլ կարող եմ պատմել, ու ֆիզիկապես չգիտեմ կդիմանամ, որ իրենց ճակատին կանգնեմ ու ասեմ՝ լկտի սուտ եք խոսում։ Նոյեմբերի 6-ին հայտարարվել է՝ Ստեփանակերտից բնակչության կազմակերպված տարհանում այդ թվում՝ հիվանդանոցներից, պետական ինստիտուտներից։ Առավոտյան, սովորության համաձայն, ապաստարաններով անցնում էի, որ տեսնեի՝ որտեղ ինչքան մարդ է մնացել ու իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են զինվորական հագուստով մարդիկ ապաստարաններից տարհանում ժողովրդին ու ավտոբուսներով հանում Ստեփանակերտից»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ դա եղել է կազմակերպված տարհանում, ոչ թե  բնակչության խուճապային փախուստ է։ 

«Կազմակերպված տարհանում, որի նպատակն էր, որպեսզի շատ ավելի քիչ ականատեսներ լինեին կնքվող կապիտուլացիոն հայտարարության, եւ, եթե կարիք լիներ պաշտպանության դիմելու, այլեւս հնարավոր չլիներ։ Նոյեմբերի 6-ի խուճապը ստեղծել են իշխանությունները, եւ ես հուսով եմ, որ մի օր Արցախի իշխանությունները կխոսեն այն մասին, որ հրահանգը ստացել են Հայաստանի իշխանություններից։ Հայաստանի իշխանություններն էին, որ խուճապ տարածեցին, թե Շուշին հանձնված է եւ հաջորդը Ստեփանակերտն է։ Սա արվում էր նրա համար, որպեսզի մինչեւ վերջին մարդը ստիպված լիներ հեռանալ։ Եւ այդպես էլ տեղի ունեցավ, ես ականատես եմ եղել»,-նշեց նա։

Լիա Սարգսյան