Շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում․ խստացումներ կլինեն. Փաշինյան

Կառավարության հերթական նիստում քննարկվեց շինարարական հրապարակներում նորմերի պահպանման կարգապահությանն ուղղված հարցը։ 

«Առաջարկում ենք խստացումներ մտցնել, քանի որ այսօր, ըստ գործող օրենքների, շինհրապարակում խախտումների դեպքում սահմանված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, որն ստեղծում է այն վիճակը, երբ պետք է շինհրապարակը կարգի բերեն և դրա վրա բավականին գումար պետք է ծախսվի, բայց շատ դեպքերում չեն անում ու այդպես անընդհատ վճարում են այդ տուգանքները, որը կրկնակի դեպքում ավելի խիստ պատիժ չի ենթադրում»,-նիստի ժամանակ ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին պարզաբանեց, որ խնդիրը շինհրապարակներում ստանդարտ սահմանելու մասին է, թե շինհրապարակը ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողները ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն։

«Այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում մենք նախորդ շրջանում տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա, երբ շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց մյուս կողմից անընդհատ ահազանգեր ենք ստանում և տեսնում ենք, որ փոշու, աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նաև  անդրադարձավ պատճառներին, նշելով, որ շինհրապարկներում ստանդարտները չեն պահպանվում և այս հարցում պետք է հետևողական լինեն։ 

«Բուն շինհրապարակը ինչ վիճակում պետք է լինի և այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, սրանք և՛ անվտանգային, և՛ բնապահպանական, և՛ էսթետիկ նշանակություն ունեն, որոնք պետք է պահպանվեն»,-ամփոփեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։