Կապանում քննարկվել են հայ և իրանցի գործարարների համագործակցության հնարավորությունները

Կապանում քննարկվել են հայ և իրանցի գործարարների համագործակցության հնարավորությունները

Մայիսի 1–ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը, որի բացումը ազդարարվել է կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։ Այս մասին հաղորդում է Կապանի համայնքապետարանը։

Բացման ելույթներով հանդես են եկել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Համայնքի ղեկավարը ողջունելով և շնորհավորելով ներկա բոլոր մասնակիցներին՝ իր երախտագիտությունն է հայտնել հայ և իրանցի գործարար շփումների աշխուժացմանն ուղղված ցուցահանդեսային համաժողով կազմակերպելու համար։

«Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը։ Հույս ունեմ, որ համաժողովը կլինի արդյունավետ և կնպաստի մեր երկու կողմերի գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը»,– իր խոսքում ասել է Գևորգ Փարսյանը և հավելել, որ համայնքապետարանը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, կյանքի կոչել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ։

Ողջույնի ելույթներին հաջորդել է «Արաս» ազատ տնտեսական գոտու հիմնադրման և հնարավորությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը, որից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու իրանական արտադրատեսակներին։

Ցուցահանդեսը գործելու է նաև այսօր, որի ընթացքում տեղի է ունենալու համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։