Դանակը հասել է ոսկորին․ այլևս իրավունք չունենք դանդաղելու. Մարգարյան

Դանակը հասել է ոսկորին․ այլևս իրավունք չունենք դանդաղելու. Մարգարյան

Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա։ Սա յուրահատուկ, քաջ մարդկանց հանրահավաք է։ Մենք եկել ենք այստեղ մեր վճռականությունը արտահայտելու։ Եկել ենք ասելու, որ մեր երկրին տեր կանգնելու համար կամք ունենք։ Այս մասին Կոռնիձորում հանրահավաքի ժամանակ ասաց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ֊ական Հրանտ Մարգարյանը։

«Մեզնից աջ ու ձախ գտնվում է մինչև ատամները սպառազինված թշնամին։ Մենք ասել ենք՝ ձեզնից վախեցողը չենք, եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տերն ենք։ Այն, ինչ ուզում եք մեզ պարտադրել, չենք ընդունելու։ Ես վստահ եմ, որ հասնելու ենք մեր իրավունքներին»,- նշեց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ պետք է համախմբվել այս իրավիճակից դուրս գալու համար։

«Հիմա շատերը կասեն՝ ի՞նչ միասնականություն, եթե դրա առանցքը պետք է լինի պետությունը։ Մի պետություն, որ իր հետապնդած նպատակներով ու մշակույթով տարբեր է մեզանից, նա հայկական չի, բայց ինչպես ասում են՝ հույսը վերջում է մեռնում։ Նրանք պետք է կարողանան հասկանալ, որպեսզի ունենան փրկություն, պետք է օտարի վրա հույս չդնեն, այլ հենվեն մեր ժողովրդի վրա։

Դանակը հասել է ոսկորին․ այլևս մենք կորցնում ենք ամեն ինչ, այլևս իրավունք չունենք դանդաղելու։ Ոչ ոք չի գալու մեր իրավունքները պաշտպանի, պետք է մեր ժողովրդի վրա հենվենք։ Այսօր ուրիշ նպատակ չկա, Հայաստանի ու Արցախի փրկությունը մեր միակ նպատակն է»,- եզրափակեց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահը։