Թեհրանի «կարմիր գծերը» և Երևանի հավաստիացումները 

Թեհրանի «կարմիր գծերը» և Երևանի հավաստիացումները 

Թեհրան այց կատարած Արարատ Միրզոյանին երեկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին է ընդունել։ «Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն և աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Ռայիսին։

Արարատ Միրզոյանին Իրանի նախագահը երեկ ասել է՝ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք զերծ մնան Միացյալ Նահանգների միջամտությունից։

«Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և մշտապես շեշտը դնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնման վրա»,- սա էլ Արարատ Միրզոյանի հավաստիացումն է:

Միանգամայն ողջունելի հայտարարություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որը Իրանը գործնականում Հայաստանի հիմնական դաշնակիցն է՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Միրզոյանի միանգամայն ընդունելի հայտարարությունը հակադրության մեջ է պաշտոնական Երևանի այն քաղաքականության հետ, որը վերաբերելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդական հարթակի ընտրությանը:
Առիթ ունեցել ենք ասելու, որ բանակցությունների վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներն, ըստ էության, ոչ թե խաղաղության, հայ- ադրբեջանական հարաբերությունները կամ ԼՂ խնդիրը կարգավորելու, այլ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, Իրանի ազդեցությունը սահմանափակելու մասին են:

Արդյո՞ք Միրզոյանի այցը Թեհրան գերծող իշխանության քաղաքականությունը խմբագրելու փորձ է, թե՞ դարձյալ գործ ունենք արտաքին քաղաքական ակտիվիզմի հետ, որը գործնականում քաղաքականություն է՝ առանց կոնցեպցիայի, նպատակների և օրակարգի:

Վահրամ Բագրատյան