Արենիում ընտրություններ չեն, բեմականացում է. մարզպետն ու ուժայինները ճնշումներ են գործադրում հանուն ՔՊ-ի

Արենի խոշորացված համայնքում ոչ թե ընտրություն, այլ ընտրության բեմականացում է լինելու, արդեն վարչական ռեսուրս է կիրառվում, իմ շրջապատի վրա էլ ճնշումներ են գործադրվում։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արենիի համայնքապետի թեկնածու Անուշավան Ավետիսյանը, ով առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով։
«Ես ցուցակում առաջադրել եմ 8 ավագանու թեկնածու, նկատի ունենալով այն, որ 50+1–ի շեմը հաղթահարելու դեպքում ավագանու կազմում ունենանք մեծամասնություն։ Ցուցակից մեկը Մոզրով գյուղից է, դպրոցի պահակ է: Իրեն մարզպետարանի կրթության բաժնից ստիպել են, ասել են՝ գնա, թեկնածությունդ հանի։ Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այդ տղային ցուցակից հանելով իմ հարցերը հիմա լուծել են․ եթե անգամ 51 քվե ստանամ, մեծամասնություն չեմ կարող լինել ավագանու կազմում», - մանրամասնեց նա։
Անուշավան Ավետիսյանն ասաց, որ իրեն պատմել են, որ այդ ամենը մարզպետի հրահանգով է արվում՝ հանուն ՔՊ-ական թեկնածու Հուսիկ Սահակյանի։
«Ես հիմնվում եմ ինքնաբացարակ հայտարարած թեկնածուի խոսքերի վրա։ Բացի դա, Հուսիկ Սահակյանը վարչական ռեսուրս է օգտագործում, համայնքապետարանի աշխատակիցները բուկլետ են բաժանում աշխատանքային ժամին։ Չնայած Հուսիկ Սահակյանը հիմա արձակուրդում է, բայց ակտիվություն է ցուցաբերում, որպես համայնքապետ այցելում է շինհրապարակներ ու տեղեկատվությունը հրապարակում համայնքապետրանի էջում։ Բացի այդ, հանկարծակի հիշել են հողային աճուրդների մասին, դրանք հիմա են կազմակերպվում։ Ամենուրեք չափագրումներ են տեղի ունենում, ինչը համարում եմ ընտրակաշառքի ձև»,-մանրամասնեց նա։
Անուշավան Ավետիսյանն ընդգծեց, որ ուժայինները ևս ներգրավված են ՔՊ-ի քարոզարշավին, այս պահին բացառություն է կազմում ԱԱԾ-ն ։ Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Արենիում ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը հաշտ չեն, առավել ևս, որ «Հանրապետություն» կուսակացությունը սերտ հարաբերություններ ունի ՔՊ-ի հետ, Անուշավան Ավետիսյանն ասաց․
«Ես գլոբալ քաղաքականությունից չեմ հասկանում, չեմ խոսում, ինձ հետաքրքրում են համայնքային խնդիրները։ Ասեմ՝ ՔՊ-ին այստեղ շատերը տեղ չեն տալիս, այդ պատճառով ՔՊ-ական թեկնածուն այստեղ-այնտեղ ասում է, որ ինքը թեև ՔՊ ցուցակով է առաջադրված, բայց իրենց հայացքները չի կիսում», - եզրափակեց նա։
Արենի խոշորացված համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 25-ին։ Ընտրություններին մասնակցում են միայն «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունները։
Անի Գևորգյան