Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր կդնե՞ն Սեյրան Օհանյանը և Արմեն Չարչյանը․ Մամուլը՝ սուրճով

Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը,  մանդատները վայր կդնե՞ն Սեյրան Օհանյանը և Արմեն Չարչյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերեւս ամենաթեժերից է լինելու: Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը:

Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը:

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, համոզիչ փաստերով հիմնավորել՝ ինչու են այդպես վարվում, ու ինչու են հենց հիմա որոշել ընդդիմադիրների նկատմամբ նման գործընթաց սկսել. իշխանականները օրակարգ են հանելու ընդդիմադիրների հետ կապված ողջ «արխիվը», սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում: Նրանք թեեւ սկզբում որոշել էին չմասնակցել նիստին, բայց հետո մտափոխվել են, որոշել են մասնակցել ու «նեղը գցել» ոչ միայն ՔՊ-ականներին, այլ նաեւ գլխավոր դատախազին, որը խորհրդարանում զեկուցելու եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ:

Մասնավորապես, Աննա Վարդապետյանին իրավական հարցերում «նեղը գցելու» դեր այդ օրը կստանձնեն Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ մյուս ընդդիմադիրներն արդեն կարձագանքեն ՔՊ-ականներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաեւ Մարգարայի կամուրջի նմուշառում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017թ.-ից ի վեր։ Ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազը «Հաց բերողին» կալանքի տակ պահելու հարցում առանձնացրել է միայն Չարչյանին, մինչդեռ բազմիցս բարձրացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը:

Ըստ հրապարակումների՝ Հովսեփյանը պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: 

«Հրապարակ» թերթը գրում է.

Մոտ երկու ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, եւ չնայած միջազգային հանրության հորդորներին, տեսանելի չէ, որ մոտ ապագայում այն կբացվի: Թեպետ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունեն պարտավորություն միջանցքի պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ անվտանգ ու անարգել երթեւեկություն ապահովելու ուղղությամբ, սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Փոխարենը փորձում են ապահովել Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, որ սով կամ հակասանիտարական վիճակ չսկսվի:

Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ խաղաղապահներ նաեւ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա եւ բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, ախորժակն էլ փոքր չէ` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչեւ հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ընդդիմության ներսում քննարկվում է իշխանությունների թիրախը դարձած երկու պատգամավորի` Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի՝ մանդատները վայր դնելու հարցը: Դա մի կողմից կնշանակի, որ մենք կառչած չենք պատգամավորական անձեռնմխելիությունից եւ պատրաստ ենք կամովին հրաժարվել ու քննության առաջ կանգնել:

Մյուս կողմից` իշխանություններին կզրկի խորհրդարանում շոու սարքելու, պատերազմում պարտությունն ու բանակի վիճակը նախկինների, մասնավորապես` Սեյրան Օհանյանի վրա բարդելուց, իսկ բժիշկ Չարչյանին` որպես իր մասնագիտությանը դավաճանած անձ ներկայացնելուց: Մեր տեղեկություններով, Չարչյանը դեմ չէ մանդատը վայր դնելուն, իսկ Սեյրան Օհանյանն առարկում է՝ ասելով, որ այդ դեպքում հանրությունը կընկալի, որ ինքն ընդունում է իշխանության սարքած շինծու մեղադրանքը եւ իր մեղքը:

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության վերջին նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանի երբեմնի պրոտեժե, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել խմբակցությունում:

Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ եւ նրան մեղադրել, որ յուրայիններին է պարգեւավճար բաժանում, քաղցր աչքով նայում եւ այլն:

ՔՊ-ականներն ասում են` օձը տաքացնողին է կծում, եւ կարծում են` արդար է, որ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ՔՊ տեղափոխված, ապա խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնին կարգված Կոնջորյանը հերթական անգամ «ճամբար» է փոխում: Նրանք ասում են` մարդը, որ քավորին դավաճանեց, ինչո՞ւ չպետք է Ալեն Սիմոնյանին «քցի»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե այս օրերին ինչ իրավիճակ է դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում: Հունվարի 19-ին փաստաբան Արսեն Բաբայանի կողմից տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան:

Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով եւ ինքնախոստովանություն արել, եւ հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը:

Այս օրերին ՍԴ դատավորները փակվել են իրենց սենյակներում, եւ միգուցե մի օբյեկտիվ դատավոր գտնվի, որ Սեդա Սաֆարյանի մասով դիմում ներկայացնի ՍԴ նախագահին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, եւ քննվի նրա վարքը: Սա միակ տարբերակը չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները ներքին խոսակցություն են ունեցել, որ Ազգային ժողովը եւս կարող էր մամուլում տեղ գտած տեղեկության մասով դիմում ներկայացնել ՍԴ եւ պարզաբանում պահանջել՝ եղել է արդյոք նման բան, թե ոչ: Նկատենք՝ նման բան ԱԺ-ն կարող է անել 3/5-րդով, այսինքն՝ 64 ձայնով, ինչը ընդդիմությունը չունի, ՔՊ-ն էլ դժվար իր սիրելի դատավորի օրինախախտմանը ադեկվատ արձագանք տա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում տարբեր հարթակներում հաճախ է խոսվում, որ հրապարակային գործունեության մեջ բավականին պասիվացել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը բավականին ակտիվ էր ընդդիմության շուրջօրյա հանրահավաքների ժամանակ՝ իր ուսերին կրելով պայքարի առաջնորդի «խաչը»։

Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթել յանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում՝ Արցախի շրջափակման վերաբերյալ, սակայն նրա բացակայությունը նկատելի է առավել մասսայական միջոցառումներին, հատկապես, որ փաստացի փողոցը ազատ է պայքարի համար, բայց այդ բեռի ու պատասխանատվության տակ, կարծես թե, ոչ ոք չի ուզում մտնել:

«Փաստի» տեղեկություններով, պասիվությունը հարգելի պատճառ ունի՝ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել և ընդամենը մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի և գործիչների հետ:

«Փաստ» օրաթերթը գրում է

ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:

Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին:

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ վերջերս հրապարակված տվյալների, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը փաստացի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում: 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը՝ 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը 20ով կամ 5,9 տոկոսով:

Եթե համեմատենք վերջին երկու տարվա ցուցանիշները, ապա 2021-ին Երևանում պարեկային ծառայության ներդրումից հետո տարվա կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 6,4 %-ով. 2021-ին արձանագրվել է 1920, իսկ 2022 թվականին՝ 1797 պատահար: Մահվան ելքով պատահարների թիվը նվազել է 32 %-ով. 2021-ին եղել է 78, 2022-ին՝ 53 զոհ: 10,3 %-ով էլ նվազել է վիրավորների թիվը, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2021-ին եղել է 2434, 2022-ին՝ 2183 վիրավոր:

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ այս անգամ էլ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքն է արգելվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար և առանձնահատուկ սխեմա է մշակված. ավելին, այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն ունի բավականին երկար ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք սփյուռքահայ ակտիվիստներ, հանրային գործիչներ, որոնք գտնվում են թիրախում։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում հայտնի կդառնան մի շարք առանցքային ներկայացուցիչների անուններ ևս, որոնք հիմնականում հայտնի են ընդգծված հայանպաստ գործունեությամբ, ազգային խնդիրների բարձրաձայնմամբ, պարբերաբար զբաղված են եղել Հայ դատի հարցերով և այլն, այս օրերին էլ բավական ակտիվ են եղել նաև Բերձորի միջանցքի հետ կապված Սփյուռքում միջոցառումներ անցկացնելու գործում և ընդգծված հակափաշինյանական դիրքորոշում ունեն։