Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է Արայիկ Հարությունյանին ինչ-որ բան պարտադրել․ պատգամավոր

MediaHub-ը զրուցել է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հետ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարության, Արցախում տիրող իրավիճակի, ՀՀ և Արցախի իշխանությունների քաղաքականության շուրջ։
-Պարոն Հարությունյան, երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Բաքվի միակողմանի որոշումը հակասում է խաղաղության ջանքերին։ Ի՞նչ է պատրաստվում անել Արցախը, այն դեպքում, երբ ԵՄ-ն դատապարտում է այս քաղաքականությունը, բայց նույն ժամանակ ասում, որ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության աշխարհագրական պատասխանատվության շրջանակից։
-Սա շատ կարևոր հայտարարություն է և ևս մեկ անգամ արձանագրվում է, որ Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում և ապօրինի շրջափակման մեջ է պահում արցախցիներին արդեն 6 ամիս։ Այս առումով հայտարարությունը բավականին կարևոր է, բայց նույն կողմից նմանաբովանդակ հայտարարություններ հնչել են գրեթե բոլոր դերակատարների կողմից և ոչ առաջին անգամ։ Ցավոք, Ադրբեջանը որևէ կերպ կառուցողական արձագանք չի տալիս այս հայտարարություններին և կարծում եմ՝ չի էլ արձագանքելու, որովհետև միայն հայտարարություններով բավարարվելով մենք փաստացի Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս շարունակել իր ապօրինի գործողությունները և թույլ ենք տալիս, որ գնա էլ ավելի սանձազերծ քայլերի։
Սրա ապացույցն այն է, որ հենց առաջին օրերին, երբ Ադրբեջանը ապօրինի շրջափակել էր Լաչինի միջանցքը՝ էկոակտիվիստների պատրվակի տակ և մենք հայտարարում էինք, որ սա կեղծ օրակարգ է, իրականում Ադրբեջանի նպատակը Լաչինի միջանցքում վերահսկողություն ունենալն է, դերակատարները քայլերի չգնացին և Ադրբեջանը, բնականաբար, գնաց ավելի կոշտ միջոցների։
- Բորելը նաև նշել է, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ստացվում է՝ բոլորն են հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը հանձնված է թշնամուն։ Ինչպե՞ս պետք է շտկել իրավիճակը։
-Եթե այսօր էլ պետք է բավարարվենք միայն հայտարարություններով, կարծում եմ՝ որևէ իրավիճակ չի փոխվի։ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ պետք է գործադրվեն, որպեսզի կատարի իր ստանձնած պարտավորությունները։
-Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արգելել է երկու կանանց ու մեկ երեխայի մուտքն Արցախ։ Ինչպե՞ս կարող է ադրբեջանական կողմն արգելել մարդկանց իրենց տուն վերադառնալ։ Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ։ Ինչպես նաև, MediaHub-ի տեղեկություներով՝ ադրբեջանական անցակետով որոշ քաղաքացիներ կարողանում են դուրս գալ, սակայն վերադառնալը մեծ դժվարություն է։ Ինչո՞վ է այս դժվարությունը պայմանավորված, արդյոք այսպիսով Ադրբեջանը չի սկսել հայաթափման գործընթացը:
-Իրականում Ադրբեջանը հայաթափման գործողությունները սկսել է հենց նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ օրը։ Այս երկուսուկես տարիների ընթացքում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը տարբեր քայլերի է դիմում բնակչության մոտ անկումային տրամադրություն զարգացնելու համար։ Նրանք բազմաթիվ սադրանքներ են կազմակերպել, հիշում ենք՝ բարձրախոսներով սահմանամերձ գյուղերում ասում էին, որ լքեն գյուղերը, կրակ են բացել գյուղացինեերի ուղղությամբ, տեղեկատվական դաշտում ահաբեկում էին, ճանապարհներին շինարարարական աշխատանքներ իրականացնող անձանց վրա էին կրակում, մեր քաղաքացիներից մեկին նաև սպանել են։
Այո, Հայատանից Արցախ վերադարձող քաղաքացիների համար Ադրբեջանը արհեստական խոչընդոտ է ստեղծում։ Խնդիրն այն է, որ մարդիկ փաստացի մշտական բնակություն են հաստատում Արցախում, բայց գրանցում ունեն Հայաստանում. սա է Ադրբեջանը հիմնավորում, որ այս մարդիկ տարածաշրջանի հետ կապ չունեն։ Պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը որևէ իրավունք չունի այդտեղ վերահսկողություն իրականացնելու, որ ինքը ճիշտ և սխալ համարի բնակիչների մուտքը Արցախ։
-Ի դեպ, մամուլը գրել էր, թե Փաշինյանն է պարտադրել Արայիկ Հարությունյանին թույլատրել մարդկանց օգտվել անցակետից: Ստացվում է, որ Արցախի նախագահը շարունակում է աջակցել Փաշինյանի քաղաքականությանը, որը մեկ նպատակ ունի՝ հանձնել Արցախը Ադրբեջանին:
-Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է Արայիկ Հարությունյանին ինչ-որ բան պարտադրել։ Ձեր թույլտվությամբ չեմ մեկնաբանի դեղին մումուլում տեղ գտած հրապարակումները։
Լիաննա Թորոսյան