Արդյոք սթրեսը կարող է քաղցկեղ առաջացնել․ ի՞նչ են ասում բժիշկները

Արդյոք սթրեսը կարող է քաղցկեղ առաջացնել․ ի՞նչ են ասում բժիշկները

Բժիշկ Անդրեա Լին Ռոբերթսի և ԱՄՆ-ից գինեկոլոգիական ուռուցքաբանության պրոֆեսոր Անիլ Սուդի խոսքով, սթրեսի ազդեցությունը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա այնքան էլ էական չէ, որքան դրա վտանգը սրտի և արյան անոթների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մասնագետները նշել են, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է սթրեսի և քաղցկեղի միջև կապը պարզելուն ուղղված հետազոտությունների թիվը։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կոկորդի,  քթի, լեզվի, սինուսների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ սթրեսային իրադարձություններ են ունենում իրենց հիվանդության ախտորոշումից հինգ տարի (կամ ավելի քիչ) առաջ:

 

Այլ ուսումնասիրություններ չեն հայտնաբերել կյանքի անբարենպաստ իրադարձությունների և քաղցկեղի հատուկ տեսակների (օրինակ՝ կրծքագեղձի) զարգացման ռիսկի միջև որևէ կապ: Քաղցկեղի հետազոտող Անդրեա Լին Ռոբերթսը նշում է, որ սթրեսային իրադարձություններն իրականում կարող են մեծացնել առողջական լուրջ խնդիրների հավանականությունը։ Այնուամենայնիվ, հուզական սթրեսի պատճառով սրտի հիվանդության առաջացման վտանգը շատ ավելի բարձր է, քան քաղցկեղինը: Ըստ բժշկի՝ կարճատև սթրես ապրող մարդիկ չպետք է անհանգստանան։ 

Այնուամենայնիվ, ըստ ուռուցքաբան Անիլ Սուդի, քրոնիկ (անընդհատ) սթրեսը կարող է խաթարել իմունային համակարգը, ինչը հանգեցնում է նրան, որ այն ավելի քիչ կարող է ճանաչել և ոչնչացնել ուռուցքային բջիջները: Բժիշկը հավելել է, որ թուլացնող հուզական սթրեսն անուղղակիորեն մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ առաջացնելով մարսողական խնդիրներ, շաքարախտ և սրտային հիվանդություններ։