Դիտարկվում է «կանխամտածված հանցագործության վարկածը»․ Կրեմլի նոր հայտարարությունը Պրիգոժինի մահվան մասին

Վագներ զինված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննությունից եզրակացություններ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև դիտավորյալ հանցագործություն․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այս աղետի հետաքննությունը միջազգային բնույթ չի կրի։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանը միջազգային հետաքննություն չի անցկացնի այս ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
«Հիմա հանգամանքներն այլ են, և տվյալ դեպքում բոլորովին այլ է իրավիճակը այս ինքնաթիռի վթարի հետ կապված»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ նա կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ Քննչական կոմիտեն։