ԱԳ նախարարին ասացի՝ Արցախում ոչ թե ցեղասպանության վտանգի առաջ են կանգնած, այլ այն արդեն սկսվել է. Քեթիբյան

Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին։ Հանդիպումը այս օրերին, երբ անընդհատ խոսվում է Արցախի գլխին կախված ցեղասպանության վտանգի մասին, ինչ խոսք, այդքան էլ հուսադրող չէ:
MediaHub-ի հետ զրույցում Քեթիբյանը նշեց, որ Ղազարյանի հետ նախկինում էլ է հաճախ հանդիպումներ ունեցել, իսկ վերջին հանդիպման ժամանակ հիմնական քննարկումը Արցախում տիրող իրավիճակն է եղել։
«Հիմնական նպատակն այն էր, որ արցախցիների կողքին կանգնենք և քննարկենք, թե ինչ պետք է անենք ապագայում»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք Ղազարյանի հետ խոսել են այն մասին, որ Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, վերջինս պատասխանեց. «Խոսել ենք և ես ներկայացրի, որ ոչ թե ցեղասպանության վտանգի առաջ են կանգնած, այլ այդ ցեղասպանությունն արդեն սկսվել է։ Ճանապարհը փակելով արդեն ցեղասպանությունը սկսվել է։ Ցեղասպանությունը միայն սպանելը չէ, Կոնվենցիան էլ ցույց է տալիս, որ այն,, ինչ կատարվում է ցեղասպանություն է, քանի որ բնաջնջման փորձ է. այնպիսի պայմանները, որոնք Ադրբեջանն է ստեղծել, համատեղելի չեն ապրելու հետ»։
Դիտարկմանը՝ թշնամի պետության ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ բանակցություններից առաջ մերժել է լրացուցիչ երաշխիքներ տալ ԼՂ էթնիկ հայերին, վերջինս արձագանքեց, որ քաղաքական հարցերով չի զբաղվում, բայց արձանագրում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսելով՝ երկու կողմն էլ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, միջազգային իրավունքի խախտում են կատարում։
«Միջազգային իրավունքի առաջ ինքնորոշման իրավունքը նույնքան և ավելի բարձր է, քան տարածքային ամբողջականության խնդիրը։ Արցախի ինքնորոշման իրավունքը անտեսելով կամ մերժելով ականատես ենք լինում միջազգային իրավունքի և սահմանադրության խախտման։ Ադրբեջանն իրենց սահմանադրությունն է խախտում, որովհետև ներկայիս Ադրբեջանը չի ճանաչում Սովետական Ադրբեջանը, իրենք ճանաչում են իրենց 1919-1920 թվականների պետությունը․ սա խախտում է և նույն ժամանակ՝ 1919-1920 թվականների մեր սահմանների մեջ է նաև Արցախը, էլ չեմ խոսում, որ Կոմունիստական Ադրբեջանը ստորագրությամբ Արցախը Հայաստանի մաս է ճանաչել, փաստաթուղթ կա։ Եթե իրենք Ադրբեջանի առաջին Հանրապետությունն են ճանաչում՝ Դեմոկրատական, ապա պետք է Արցախը Հայաստանի մաս ճանաչեն»,-ընդգծեց Քեթիբյանը։
Լիաննա Թորոսյան