Ո՛չ, չեմ վախենում, որ հաջորդը ես եմ․ Տիրան Խաչատրյան

Ո՛չ, չեմ վախենում, որ հաջորդը ես եմ․ Տիրան Խաչատրյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ղեկն իրենց ձեռքն առած ՊԲ գեներալների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին՝ ծառայության ընթացքում անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։


Այս շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ՊԲ գեներալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում։ Օգոստոսի 30-ին մեղադրանք առաջադրվեց 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին՝ զինվորական պաշտոնեական անփութության համար։ Ինչպես ենթադրվում է, քրեական հետապնդումների շղթան շարունակական է լինելու, և, ինչպես ասում են, իրավապահ համակարգը կամաց-կամաց «մոտենում է ՊՆ գեներալների տներին»։


Ի՞նչ են մտածում այս ամենի մասին ՊՆ գեներալները․ թեմայի շուրջ կարճ զրույց ունեցանք ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ։ Նա, նախ նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի, որևէ բան չի ցանկանում ասել Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին։ Սակայն, հանուն արդարության նշենք, որ եթե Միքայել Արզումանյանի մեղադրանքի մասին հարցի դեպքում նա հեռախոսը միանգամից անջատեց՝ մի քանի օր առաջ, ապա այս դեպքում լսեց մեզ, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ հաջորդը կարող է հենց ինքը լինել, որ «իրենց տներին են մոտենում»։


Պատասխանը Տիրան Խաչատրյանի ոճի մեջ էր.
«Ո՛չ, նման մտավախություն չունեմ»,- կտրուկ ասաց նա, ապա հավելեց, որ ինքը բացարձակ այս թեմաներով չի ցանկանում խոսել, որևէ մեկնաբանություն չունի։

Նարե Գնունի