Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է. «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է. «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները: Այս մասին ասվում է մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունում:

«2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: Վլադիմիր Վարդանյանը շարունակել է անհարգալից վերաբերմունքը և գոռգոռոցները, կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից:

Միջադեպից հետո Մհեր Սահակյանը գտնվել է «Հայաստան» խմբակցությունում: Ժամանած ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ Մհեր Սահակյանը պատրաստ է ինքնակամ ներկայանալ ոստիկանության բաժին: Այդ պահին խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, որից հետո ոստիկանությունը, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանության բաժին:

Միջադեպի վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղորդված և միակողմանի հայտարարություն տարածեց առանց ականատես ընդդիմադիր պատգամավորներին հարցաքննելու, իրականությունը պարզելուն ուղղված նվազագույն ջանքեր գործադրելու ընդդիմադիր պատգամավորին ոչ իրավաչափորեն ձերբակալելով: Սա քաղաքական հայացքներով պայմանավորված հստակ խտրականության ևս մեկ փաստ է, քանի որ իշխանական պատգամավորների կողմից համանման և առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել: Ավելին՝ իշխանական պատգամավորների կողմից նման վարքագիծը քաջալերվում է պաշտոնատար անձանց կողմից:

Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին:

Մինչդեռ Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները:

Դատապարտում ենք ներկայացուցչական բարձրագույն մարմնում մեծամասնության որդեգրած այս քաղաքականությունը, իրավապահ մարմիններին սեփական իշխանությանը ծառայեցնելու և վերջիններիս կողմից ջանասիրաբար կատարելու գործելակերպն ու երկակի ստանդարտների անթաքույց կիրառումը:

Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները, առաջնորդվել պետական շահի գիտակցմամբ՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի քաղաքական իշխանությունների հակաժողովրդավարական և հակաօրինական այս վարքագծի վրա»։