Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր

Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել: Գրել է «Շամշյանը»։

Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյորասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
 
Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները և նրանց միացած՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ռոբերտ Սմբատյանի և նույն վարչության պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ, պարզել էին, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել էին Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել էին «УАЗ» մակնիշի «31 ԼՏ 878» համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ինքնաձիգից արձակված 19 պարկուճ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել: Հավաքվածները նշում էին նաև, որ այդ օրվա կրակոցը, հնարավոր է, վրեժխնդրություն լիներ: