Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետեւանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ 

Դժվար է պատկերացնել, որ դեսպանները համաձայնեցնում են իրենց այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես այնքան էլ պատահական չէ, որ նրանց այցերը, հատկապես` Սյունիք, պարբերաբար համընկնում են: 

«Հրապարակ»  թերթը գրում է․

Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ 

Շահգալդյանը նախատեսել է կադրային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում։ Նա մեզ փոխանցեց, որ կփոխվի տեղակալը՝ փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանը, ով ՔՊ-ից է: Նրա փոխարեն կնշանակվի իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սեւակ Վարդանյանը։ 

«Հրապարակ»  թերթը գրում է․

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։

Նկատենք նաեւ, որ իշխանական պատգամավորները նախկին դրայվով չեն ներկայանում նիստերին․ խորհրդարանում նրանց հիմնական առաքելությունն ընդդիմադիրներին բշտելն ու «ռազբորկաներ» անելն է` շեֆին դուր գալու նպատակով:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, եւ շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր եւ դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, թեմայի հետ կապված ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել, ի մասնավորի՝ երեկ օրվա երկրորդ կեսին թեժ խոսակցություններ են տեղի ունեցել ՔՊ խմբակցությունում։

Նույնիսկ կառավարությունից բարձրաստիճան «լիազոր ներկայացուցիչ» է խորհրդարան գնացել ու նեղսրտել, թե քառօրյայի օրակարգն արագ սպառելը սուր քննադատության առիթ է դարձել։ Իշխող խմբակցության պատգամավորները փորձել են արդարանալ, թե առանց ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի կերպ հնարավոր չէ նորմալ դիսկուրս ծավալել և հարցի քննարկում իրականացնել։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք»: Փաշինյանը նաև նշել է, որ «այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ այսօրվա հանդիպումներից, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Պուտինի հետ հնարավոր հանդիպումից շատ բան է կախված: «Ըստ էության, շատ վերջակետների առումով հստակեցումներ կլինեն: Մի շարք իրողություններ վկայում են, որ մոտեցել ենք ինչ-որ ջրբաժանի, և Փաշինյանն ընտրությունն արդեն կատարել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հոկտեմբերը տարբեր հարցերի առումով վճռական է լինելու Հայաստանի համար:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. այստեղ խիստ ոգևորված են ամերիկացիների վերջին շրջանի ակտիվությունից։

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է անտեղի չոգևորվել և առանձնապես մեծ հույսեր չկապել Արևմուտքի հետ, քանի որ հայտարարություններից և կոչերից այն կողմ գործնականում ոչ մի առարկայական արդյունք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտնվել են ծանր դրության առջեւ: Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) պետք է գործուղվի նաեւ նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարծես համարվում էր հարցը փակված:

Նրանց առաջադրել է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փոխնախարար Թումանյանցի կենսագրության մեջ թաքնված կետեր կան, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Հիմա ՔՊ-ականները նրա հետ միասին պետք է փորձեն հակառակն ապացուցել:

Բանն այն է, որ նրա աշխատանքային ստաժը չի բավարարում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դատավոր դառնալու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Փաշինյան-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման լուրը (այդ մասին դեռ երեկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել), ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «հավաստի աղբյուր»-ով հոդվածաշարերը հայ հասարակությանը տագնապի հերթական չափաբաժինն են ներարկել. Չլինի թե «հեղափոխականները» Ռուսաստանին ցտեսություն անելու ցանկություն ունեն: Մտահոգություններն իրականում տեղին են:

Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում եւ այլն, եւ այլն: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Ուշագրավ իրավիճակ՝ Սիսիանում: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Առավել շատ ձայն է ստացել ՔՊ-ն՝ 4 հազար 93, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ 2 հազար 693, «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։

Ստացվում է՝ այս պահի դրությամբ ՔՊ-ն սահմանամերձ Սիսիանում ունի 8 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցրած ուժն Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին՝ 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով: Եթե անգամ Արման Բաբաջանյանի ուժի երկու ավագանիներն իրենց ձայնը տան ՔՊ թեկնածուին, միեւնույնն է, այդ ձայները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար: ՔՊ-ն հայտնվել է ծուղակում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել: