Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։
Բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք: Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։ Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, եւ Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում։ Իհարկե, նա հանուն իր ռեյտինգի կարող էր նաեւ զանց առնել ռուսների արգելքը, սակայն այլեւս 2018-ի դուխով ղեկավարը չէ, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ էր հարուցում․ 4 տարվա ընթացքում թերեւս հասկացել է ռուսների դեմ դուրս գալու վտանգները։
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» եւ կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որեւէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաեւ կուսակցականներ։
Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Ամիսներ առաջ տեղեկացանք, որ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանն են կոտրել, հիմա անցել են հայ մեծերի արձաններին: Ջերմուկի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ այլ կիսանդրիների պղծման թեմայով զրուցեցինք Ջերմուկի ճարտարապետ Արսեն Գառնիկյանի հետ:
Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս անգամ վաճառել են: Ձեռքից ձեռք է անցել, ես տեղյակ չեմ, թե ով է այժմ սեփականատերը: Այնպես որ, թե՛ ես, թե՛ քաղաքապետարանը չունենք որեւէ լծակ՝ այս մասով քայլեր ձեռնարկելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է․
Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, եւ նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր։
Դատախազությունը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասյանի նկատմամբ չի դադարեցվել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց այլեւս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել: Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաեւ «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից` այս քայլի դիմաց:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու սպասվող ընտրությունները կարող են հետաքրքիր զագացումներ ունենալ և դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հիմնական ուժերը գոնե այս պահի դրությամբ նպատակ ունեն ոչ թե միավորվել ու առաջադրել մեկ ցուցակ ու մեկ թեկնածու, այլ հանդես գալ մի քանի քաղաքական միավորներով: Նպատակը հստակ է. նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երևանյան ընտրություններում որևէ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնություն ստանալ չի հաջողվի:
Ըստ այդմ, ապակենտրոն մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ունենալ այնպիսի ներկայացվածություն, որ ընտրություններից հետո կարելի լինի կազմել կոալիցիա:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում տեղի կունենա Հայաստանի Անկախության տոնին նվիրված բարեգործական համերգ՝ ի նպաստ MISSION ENFANCE հիմնադրամի՝ աջակցելու անապահով հայ երեխաներին: Mission Enfance Monaco-ի պատվո նախագահն է Մոնակոյի իշխան Ալբեր II-ը:
Հիմնադրամն արդեն 30 տարի է՝ Հայաստանում իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր: Համերգին ելույթ կունենան Լոնդոնի Royal Opera House-ի երգչուհի՝ աշխարհահռչակ Լիանա Ալեքսանյանը, Վիեննայի երաժշտական ակադեմիայի ամենաերիտասարդ պրոֆեսոր՝ աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, աշխարհահռչակ դուդուկահար Լևոն Մինասյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, յուրատեսակ աշխարհաքաղաքական «նրբերանգներ» է ստացել՝ գոնե հրապարակային քննարկումների տիրույթում: Բանն այն է, որ նրան ուղղված «սվինները» հիմնականում Հայաստանի այն ուժերի ու անհատների կողմից էին, որոնք առավել հայտնի են որպես արևմտամոլներ ու հակառուսական տրամադրություններ գեներացնողներ, և որոնք հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքից: Սրան զուգահեռ՝ Վարդանյանի այս որոշումը բավական մեծ արձագանք է գտել ռուսաստանյան լրատվամիջոցներում, որտեղ գրեթե ամենօրյա «ռեժիմով» քննարկվում է այս հարցը:
Վարդանյանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքականության կարևոր դեմք, նրա այս քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ, որը Ղարաբաղը չի տեսնում որպես իր քաղաքական ռազմավարության կարևոր մաս, նա կարող է պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար և այլն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն հարցաքննության են հրավիրում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները պատգամավորներին հարցաքննության են հրավիրում 2022 թվականի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բռնության դեպքերի մասով: Դրանց մասով քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածով, որ վերաբերում է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս եւ այլ գործերով Քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը եւ այլք: Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունն ու հավելեց, որ դեպքը մայիսի 30-ին է տեղի ունեցել կառավարության երրորդ մասնաշենքի մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում այլեւս հերթեր չեն գոյանում. մինչեւ օգոստոսի 1-ը կայանների առաջ հարյուրավոր մեքենաների հերթեր էին: Բանն այն է, որ շատ վարորդներ հրաժարվում են ճնշափորձարկել իրենց գազաբալոնները: «Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններից տեղեկացավ, որ անգամ հերթագրված վարորդներն են արդեն հրաժարվում ճնշափորձարկել:
«Վարորդները պարզապես մոտենում են մեզ ու ասում են՝ մեզ հերթ տվե՛ք էլեկտրոնային համակարգում ու հնարավորինս ուշ, որ մենք կարողանանք լիցքավորել, բայց չենք ուզում ճնշափորձարկենք:
Ու այդպիսի վարորդները շատ են, անգամ ազդեցություն են ունենում ճնշափորձարկած վարորդների վրա, ասում են՝ գնացե՛ք, ձեր գումարները հե՛տ ուզեք. տեսեք, մենք փող ենք տվել, բայց լիցքավորում ենք: