Նիկոլ Փաշինյանն իրականացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունը

«Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»: Այս մասին երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ «Հայաստանն ուզում է համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին է»։
Մեկնաբանելով Փաշինյանի մտքերը՝ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը MediaHub-ին ասաց, որ այն, ինչ չի հասցրել իրականացնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հաջողվեց Նիկոլ Փաշինյանին։
«33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:
1992թ. մարտի 5-ին նա այդ մասին հայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ: Բարեբախտաբար, նրան չի հաջողվել իրականացնել իր հակահայկական մտադրությունը, քանզի նա իրավացիորեն և անդառնալիորեն հեռացվել է իշխանությունից: Սակայն, դժբախտաբար, 31 տարի անց Արցախի Հանրապետությունն օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Հասան-Ջալալյանը:
Երեկ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է Ղարաբաղյան հիմնախնդիրը չշարունակելու միտքը՝ հիմնավորելով, թե արդյունավետը խաղաղության իրենց ընտրած ճանապարհն է: Հենց այդ պատճառով է Երևանը պատրաստ կատարել խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պայմանն ու լուծարել Մինսկի խումբը՝ չնշելով դրա ժամկետը:
«Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ չվերադառնալը: Մենք կարող ենք և պետք է ազատագրենք Արցախի Հանրապետությունը»,- հավելեց քաղաքագետը:
Հունան Թադևոսյան