Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ, Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ Մամուլը՝ սուրճով

Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ, Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում եւ Երեւանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով, գրված․ «Բացումը՝ շուտով»: Դեռեւս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, եւ թույլատրեց «Մեգա Թրեյդ» եւ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը: Այդ ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Գարեգին Մկրտչյանին, ով նաեւ «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետերն է: Նրան է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առեւտրով։ 2021-ից Գ․ Մկրտչյանը նաեւ «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Բենզալցակայանները հիմնականում բացվում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի նախկին բենզալցակայաններում, որոնք տեւական ժամանակ անտերության էին մատնված: Մյուս՝ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ի սեփականատերերն ազգությամբ վրացիներ են` Իվանե Նակաիձեն եւ Դավիդ Յակոբաշվիլին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս քաղաքացիներին, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից վիրավորում էին ստացել:

Մասնավորապես, նրանք քաղաքացիներին հարցնում են, թե ինչ գործ ունեին Բաղրամյան պողոտայում, արդյոք իրենց ստիպել են ու տարել են ակցիայի կամ շահագրգռել։

Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողներին կամ կազմակերպողներին հայտնաբերելու նպատակներով։

Ի դեպ, նռնակների պայթյուններից տուժած շատ քաղաքացիներ էլ դեպքից 6 օր անց դեռ սպասում են դատաբժիշկներին, որոնք ուշացնում են հասարակ եզրակցությունների տրամադրումը։

Այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաների հետեւանքով կալանավորված է 29 քաղաքացի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ:

Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ։

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե: Նրանք դրա համար նախ՝ «թռան» հունիսի 12-ին նման նիստ հրավիրելու հնարավորությունից, որից հետո՝ 5 օր անց, օրենքի ուժով արդեն պիտի նույն օրակարգով ԱԺ նիստ հրավիրվեր: Նիստը, հասկանալի է, չկայացավ, բայց ավելի ուշագրավ է ՔՊ-ի «ատմազկան»: Փաշինյանի խմբակցությունը հայտարարեց, որ գնալու է արտահերթի «մեխանիկական տապալման»: Այսինքն, չեն գնում «գործի», քվորում չի հավաքվում, նիստը տեղի չի ունենում: Խմբակցությունից պաշտոնապես հայտարարեցին, որ ՔՊ-ն նիստի չի մասնակցի, «որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին»:

Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի: Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:

Այն, որ ՔՊ-ն կամ ավելի շուտ՝ Փաշինյանը նախընտրեց ԱԺ արտահերթ նիստի «մեխանիկական տապալումը», շատ բնութագրական և խոսուն է: Եթե իրենք այդքան վստահ լինեին իրենց վրա, ապա ամեն դեպքում հանգիստ կարող էին ԱԺ օրակարգ մտած հարցը քննարկել ու «դեմ» քվեարկել: Բայց ճշմարտության դեմ հանդիման մեկ անգամ ևս կանգնելն, ըստ երևույթին, իրենց ուժերից վեր է: Իսկ գուցե իրենք էլ վստահ չեն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի...